Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարը դժգոհ է իր դեմ բռնության գործով դատական գործընթացից


Նրա խոսքով, այնպես արվեց, որ գործը դատարան մտնի ոչ թե որպես քաղաքական հաշվեհարդար, այլ՝ կենցաղային միջադեպ։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը դժգոհ է իր դեմ բռնության գործով նախաքննությունից ու դատական գործընթացից։

Նրա խոսքով, նախաքննական մարմնի կողմից արվեց հնարավորը, որ գործը դատարան մտնի որպես կենցաղային մի միջադեպ՝ բացառելով քաղաքական հաշվեհարդարը։

«Դատախազն ընդամենը մի քանի հարց է տվել՝ չանդրադառնալով հարձակման քաղաքական ենթատեքստին», - ասաց տուժողը՝ հավելելով. - «Դատարանում տպավորություն ստեղծվեց, որ երևի մեղադրվողը ես եմ»։

ՀԱԿ ներկայացուցիչը ծեծի էր ենթարկվել անցած դեկտեմբերին Հրազդանում։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել Լեռնանիստ գյուղի բնակիչ Պարգև Մանուկյանին, ում այժմ սպառնում է առավելագույնը երկու ամսվա ազատազրկում:

Ըստ քրեական գործի, մեղադրյալը ընդդիմադիր գործչին ծեծել է իր հարազատին հեռախոսով վիրավորելու համար։ Միջանձնային այս վեճից բացի, նախաքննական մարմինն այլ վարկած չի քննել, դատարանն էլ շարունակում է նույն ոգով: Մինչդեռ կողմերի միջև վեճը ծագել է քաղաքական անհամաձայնությունների պատճառով, երբ գյուղապետի մերձավորները թույլ չէին տվել ընդդիմադիրներին եռյակի հանրահավաքի մասին իրազեկում անել։

Տուժողը պնդում է, թե մեղադրյալի աթոռին հայտնված Պարգև Մանուկյանն ընդամենը կատարող է, պատվիրատուն Լեռնանիստի գյուղապետն է, ով, սակայն, դատարանում անգամ որպես վկա հանդես չեկավ։

«Գյուղապետը, թե ո՞ւմ հրահանգով է կատարել, մենք հիմա դժվար էլ կարողանանք ճշտել։ Եթե արդար դատաքննություն լիներ, կճշտվեր», - ասաց Փիլիպոսյանը։

Դատաքննությունը մոտենում է ավարտին, տուժողի խոսքով, սակայն բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան, օրինակ, ինչո՞ւ մեղադրյալը վեճի մասին հիշեց դեպքից երեք ամիս անց՝ այն օրերին, երբ Երևանում ևս բռնության էին ենթարկվում ընդդիմադիր գործիչներ, կամ ինչո՞ւ ծեծի մյուս մասնակից, գյուղապետի հովանավորությունը վայելող Ռոման Մանուկյանը գործում մնաց միայն որպես վկա:

«Օբյեկտիվ քննության դեպքում, այլ անձինք կհայտնվեին մեդադրյալի աթոռին», - ասաց Փիլիպոսյանը՝ նշելով. - «Պարզ է, որ իշխանությունների կողմից, տեղային իշխանիկների կողմից հրահրված, քաղաքական հաշվեհարդար է եղել իմ նկատմամբ, կենցաղայինի հետ կապ չունի։ Այն ժամանակ նաև ամբողջ հանրապետությունով էր նման հաշվեհարդարներ տեղի ունենում, ու այդ շղթան տարածվեց նաև մարզերում»։

Փիլիպոսյանի դեմ հարձակման օրերին, այսպես կոչված, հայրենասիրական ապտակ էր ստացել նաև նրա կուսակիցը՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Ծեծի էին ենթարկվել նաև իշխանափոխություն պահանջող ազատամարտիկներ ու ակտիվիստներ։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ թե՛ Փիլիպոսյանի, թե՛ Մանուկյանի և այդ շրջանում տեղի ունեցած այլ բռնությունների գործերը պետք է դիտարկել մեկ համատեքստում՝ «քաղաքական ակտիվության համար են պատժվել, ոչ թե կենցաղային հարցերի», ասաց նա՝ նշելով, որ մեղադրող կողմը պետք է կարողանա ապացուցել կենցաղայինի վարկածը, ինչը, իրավապաշտպանը քիչ հավանական է համարում։

«Եթե դատարանը ստացել է հանձնարարական՝ ներկայացնել գործը որպես կենցաղային վեճ, բնական է՝ պետք է հնարավորինս քիչ մարդ ներգրավվի, որպեսզի հնարավորինս արագ և հնարավորինս հեշտ լինի իրենց ուզած եղանակով կամ ճանապարհով գործը տանել և իրենց ուզած դատավճիռը հրապարակել։ Այդ մարդուն էլ կարող են թեթև, սիմվոլիկ պատժել։ Բայց, լավ ենթադրենք այս մեկն այդպես ներկայացրեցին, բա մնացած բռնությունները, ծանր վնասվածքներով մարդիկ, որ հայտնվեցին հիվանդանոցներում, նրանց գործը ո՞նց պետք է ներկայացնեն», - ասաց Հարությունյանը։

ՀԱԿ-ի Հրազանի կառույցի ղեկավարը համոզված է, եթե այս գործում ինքն ու ընկերները լինեին մեղադրյալի աթոռին, հաստատապես քննությունն արդեն ավարտված կլիներ, իրենք էլ կդատվեին օրենքի ողջ խստությամբ:

«Ես համոզված եմ, որ մի 5-6 տարի մեր վրա ժամկետ կլիներ ու մենք նստած կլինեինք», - ասաց Փիլիպոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG