Մատչելիության հղումներ

Իգոր Կոլոմոյսկին լքում է Դնեպրոպետրովսկի նահանգապետի պաշտոնը


Ուկրաինայի ամենաազդեցիկ և հարուստ մարդկանցից մեկը` միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին, հեռանում է Դնեպրոպետրովսկի նահանգապետի պաշտոնից:

Կոլոմոյսկու պաշտոնանկության մասին հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց երեկ ուշ երեկոյան` օլիգարխի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո:

«Մենք պարտավոր ենք ապահովել խաղաղությունն ու կայունությունը: Դնեպրոպետրովսկի մարզը շարունակում է մնալ մեր միջնաբերդը Ուկրաինայի արևելքում, շարունակում է պաշտպանել քաղաքացիների խաղաղությունն ու անդորրը», - հայտարարեց Պորոշենկոն:

Ի դեպ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմում պնդում են, որ Իգոր Կոլոմոյսկին ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել, որն էլ Պորոշենկոն բավարարել է: Ուկրաինացի թերևս ամենահայտնի օլիգարխներից մեկի աղմկալի հրաժարականին նախորդեցին երկրի խոշորագույն էներգետիկ ընկերությունների` «ՈւկրՏրանսՆաֆտայի» և «ՈւկրՆաֆտայի» շուրջ ծավալված սկանդալային զարգացումները:

Մարտի 19-ին Ուկրաինայի խորհրդարանը հաստատեց պետական բաժնետիրական ընկերությունների կառավարման նոր կարգը, որից հաշված ժամեր անց էլ «ՈւկրՏրանսՆաֆտայի» բաժնետոմսերի մի մասի սեփականատերը հանդիսացող Կոլոմոյսկու կողմից նշանակված տնօրենին փոխարինեց կառավարության նախընտրած թեկնածուն:

Դնեպրոպետրովսկի նահանգապետը չհամակերպվեց լծակների նման սրընթաց կորստի հետ և զինված ջոկատի ուղեկցությամբ պարզապես գրավեց պետական ընկերության` Կիևի կենտրոնում գտնվող գրասենյակը:

«Ուկրտրանստաֆտայի» շենքի մոտ հավաքված լրագրողներին, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակցի հարցերին, թե ի՞նչ գործ ունի Դնեպրոպետրովսկի նահանգապետը Կիևում ծագած տնտեսական վեճի հանգուցալուծման ժամանակ, Կոլոմոյսկին պատասխանեց հայհոյանքներով ու սպառնալիքներով:

Այս միջադեպից հետո նախագահ Պորոշենկոյի և Իգոր Կոլոմոյսկու հակամարտությունը թևակոխեց ակտիվ փուլ: Կիրակի օրը Կոլոմոյսկու զինված թիկնապահները գրավեցին ևս մեկ պետական նավթային ընկերության` «ՈւկրՆաֆտայի» գրասենյակը: Այս ընկերության բաժնետոմսերի մոտ 40 տոկոսը ևս Կոլոմոյսկու ձեռքում է:

Սրան ի պատասխան՝ նախագահ Պորոշենկոն, առանց կոնկրետ անուններ հնչեցնելու, հայտարարեց, թե անօրինական զինված խմբերի գոյությունն իր համար անընդունելի է:

«Որևէ նահանգապետ իր գրպանային զինված ուժերը չի ունենալու: Այդ ժամանակաշրջանն ավարտվել է», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը՝ բանակային հրամանատարության հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ:

Մեկ տարի առաջ, սակայն, երբ իրադրությունը Դոնբասում դեռ նոր էր սրվում, Կիևի կենտրոնական իշխանությունները Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ շատ ավելի հանդուրժողական մոտեցում էին որդեգրել: Պատճառը` երկրի արևելքում օլիգարխի ունեցած ազդեցության լծակներն էին և նրա տնօրինության տակ գտնվող պատկառելի ֆինանսական միջոցները: 2014-ի գարնանը հենց Կոլոմոյսկու և նրա թիմակիցների ջանքերով էր, որ Ուկրաինայի արևելքի ռուսալեզու մի շարք մարզերը` Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Զապորոժյեն, չհետևեցին Դոնեցկի և Լուգանսկի օրինակին և հավատարիմ մնացին ուկրաինական պետությանը: Բացի այդ, հենց Կոլոմոյսկին էր, որ սեփական գրպանից ֆինանսավորեց անջատականների դեմ կռվող առաջին ուկրաինական կամավորական գումարտակների ստեղծումը: 2014-ի ապրիլին, պետական գանձարանում տիրող փաստացի դատարկության ֆոնին, Կոլոմոյսկին սեփական միջոցներից ուկրաինական բանակի համար վառելիք ձեռք բերեց:

Այդ ժամանակահատվածում օլիգարխի ձեռք բերած ազդեցության մասին էր վկայում թեկուզ միայն այն հանգամանքը, որ նրան հարկ համարեց քննադատել անձամբ Վլադիմիր Պուտինը:

«Կոլոմոյսկին բացառիկ մի ստահակ է: Նա հաջողացրել է անգամ մեր օլիգարխներից մեկին` Աբրամովիչին, այսպես ասած՝ գցել, 2014-ի գարնանը հայտարարում էր Պուտինը, ընդգծելով, որ խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին էր:

Այսօր հայտնի դարձավ, որ Կոլոմոյսկու հետ միասին հրաժարական են ներկայացրել նրա մերձավոր զինակիցները`փոխնահանգապետներ Գենադի Կորբանը և Բորիս Ֆիլատովը: Շաբաթ օրը Դնեպրոպետրովսկի կենտրոնում Կոլոմոյսկու կողմնակիցները պատրաստվում են բազմամարդ հանրահավաք անցկացնել, որի ընթացքում արդեն նախկին նահանգապետն ու նրա տեղակալները հանրությանն են ներկայացնելու իրենց մեկ տարվա պաշտոնավարման հաշվետվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG