Մատչելիության հղումներ

Գյումրիի ռուսական ռազմակայանին նոր հողատարածք է հատկացվելու


Կազաչի պոստ թաղամասի ռուսական եկեղեցին Գյումրիում

Վաղը Հայաստանի կառավարությունը կքննարկի 102-րդ ռուսական ռազմակայանին ևս մեկուկես հեկտար հողատարածք անհատույց վարձակալության հանձնելու հարցը:

Այս անգամ նախատեսվում է ռազմակայանին հանձնել Գյումրիի Կազաչի պոստ կոչվող թաղամասում գտնվող ռուսական եկեղեցին ու դրա հարակից տարածքն՝ իր շինություններով:

«Ազատության» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը․ - «Խոսքը Կազաչի պոստի ռուսական եկեղեցու մասին է: Դա պետական սեփականություն է հանդիսանում և հայ-ռուսական միջպետական պայմանագրով պարբերաբար հանձնաժողովի նիստ է կայանում, հարցը բարձրացվել է, որպեսզի տրվի ռուսական կողմին, որպեսզի իրենք վերականգնեն և օգտագործեն իրենց հոգևոր պահանջների համար, հիմնականում 102-րդ ռազմաբազայի համար: Միայն եկեղեցին չէ, նաև հարակից տարածքի մասին է խոսքը: Այնտեղ կիսակառույցներ կան, դրանք էլ հետը․․․ մշակութային նպատակներով են օգտագործվելու»:

Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը այս կապակցությամբ «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այդ եկեղեցին էլ է Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Հետո ի՞նչ, որ ռուսական է: Թող գան, նորոգեն, աշխատեցնեն, իրենց հավատացյալները գնան-գան․ դրա մասին չէ խոսքը: Այդ կողքի հողերն ինչո՞ւ եք հանձնում: Հետո ի՞նչ եք հանձնելու: Հազար անգամ ասացինք՝ այս մարդիկ ինքնիշխանություն բառը չեն հասկանում: Իրեն հանգող իշխանությունը ո՞նց կարող է հողերը հանձնել օտար պետության: Կամ հանձնել այնպես, որ ինքը չկարողանա մտնել այնտեղ, կալանավորին վերցնել, տանել իր բանտը»:

Ընդ որում, ռուսական կողմին անցած տարի էլ որոշ շինություններ էին հանձնվել՝ ռազմակայանի տարածքը հասցնելով 40-50 հեկտարի: Սրա դիմաց քաղաքային բյուջեն ոչինչ չի ստանում:

Հարցին, թե արդյոք ռուսական կողմի առջև պայման չի դրվում, որ նորոգեն այն ճանապարհները, որոնցից օգտվում են ռուս զինվորականները, Գյումրիի գլխավոր ճարտարապետը պատասխանեց․ - «Վերջերս քաղաքապետը հատուկ նամակ ուղղեց Շոյգուին՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին՝ առաջարկությունով, որպեսզի օժանդակությունը ցուցաբերվի մեր քաղաքի փողոցները վերականգնելուն: Հիմնական պատճառաբանություններից մեկը նա էր, որ այդ տեխնիկան, որ անցնում է Մարմաշենի խճուղով, ծանր տեխնիկան ուղղակի վնաս է տալիս քաղաքին: Մեր հաշվարկներով, մոտ 10 կիլոմետր ճանապարհի մասին էր խոսքը: Մենք ուղարկել ենք այդ նամակը, հիմա սպասում են պատասխանի: Համագործակցության եզրեր մենք էլ միշտ փորձում ենք գտնել»:

XS
SM
MD
LG