Մատչելիության հղումներ

Հայաստանը և Չինաստանը համագործակցության զարգացման հռչակագիր են ստորագրել


Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ:

Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր:

Մինչ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան հյուրընկալվել է ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում՝ շուրջ 290 տարվա պատմություն ունեցող Պեկինի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Այն կազմավորվել է 1724 թվականին Ցին կայսրության օրոք կառուցված դպրոցի հիման վրա: Դպրոցը համարվում է Պեկինի խոշորագույն և տեխնիկապես հագեցած դպրոցներից մեկը:

Ի պատիվ պետական այցով Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից այսօր կտրվի պաշտոնական ճաշ:

Սերժ Սարգսյանը իր չին գործընկերոջը հրավիրել է պետական այց կատարել Հայաստան իրեն հարմար ժամկետներում։ Սի Ծինփինն ընդունել է հրավերը։ Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG