Մատչելիության հղումներ

«Ժառանգության» ղեկավարի խոսքով, Մարտիրոսյանը և Հակոբյանը «իրենց լիազորությունից դուրս չէին»


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր կայացած հրապարակային ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «իրենց լիազորությունից դուրս չէին», երբ նախագահական նստավայր գնալու ու Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումներ քննարկելու որոշում էին կայացնում:

«Իմ բացակայության օրերին պատասխանատու էր, առօրյա գործունեության համար, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, և թեև կային մեթոդաբանական սխալներ, չկշռադատված որոշ գործողններ, հիմնական խնդիրը, իմ բացակայությամբ, կայանում էր Արմեն Մարտիրոսյանի, իմ պաշտոնակատարի, և վարչության որոշման մեջ: Մարտիրոսյանը և Հակոբյանը լիազորությունից դուրս չէին», - հայտարարել է Հովհաննիսյանը: - «Ես ինքս չէի գնա նման հանդիպման, բայց նաև տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ կայացել է: Տեղյակ էի, որ այնտեղ կային խութեր, վտանգներ, շահարկման հանարավորություններ, բայց նաև մեզ մոտ կա կատարյալ ազատություն, միգուցե նաև ծայրահեղացված ազատություն՝ տարբեր տեսակետներ արտահայտելու և ներկա դրությամբ կարող եմ ասել, որ մենք բաց ենք հաղորդակցության բոլոր-բոլորի հետ», - հավելել է նա:

Հիշեցնենք՝ կուսակցության վարչության մի շարք անդամներ մեղադրում էին Արմեն Մարտիրոսյանին և Ռուբիկ Հակոբյանին նախագահական նստավայր գնալու համար՝ նշելով, որ իրենք վարչությունում որոշել էին չգնալ նախագահական։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ նշել էր, որ կուսակցությունում պառակտում չկա, պարզապես իր երկու գործընկերները որպես մասնավոր անձինք որոշել են գնալ նախագահի հետ հանդիպման, իսկ «Ժառանգության» կողմից այս հրավերը չէր ընդունվել։ Ավելի ուշ Փոստանջյանն ու Մարտիրոսյանը վիրավորական ձևակերպումներ էին թույլ տվել միմյանց հասցեին։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քննարկումներին, նշելով․ - «Մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանը չունի քաղաքական լեգիտիմությունը, իրավակարգ վիճակ՝ հայ ժողովրդին վստահության մթնոլորտում ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG