Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի կողմնակիցները կառավարության հրաժարականի գործընթաց են նախաձեռնում


Վրաստան – Ընդդիմության աջակիցները փողոցային երթ են անցկացնում՝ պահանջելով կառավարության հրաժարականը, Թբիլիսի, 21-ը մարտի, 2015թ․

Վրացական ընդդիմությունը ցանկանում է պաշտոնանկ անել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

«Վրացական երազանք» դաշինքի ձևավորած կառավարության հրաժարականի գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարեցին ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: Նրանց խոսքով, ընդդիմությունը համադրելու է պայքարի փողոցային և խորհրդարանական մեթոդները:

«Խորհրդարանի մեր գործընկերները, մեր ողջ կուսակցությունը կառավարության հրաժարականի շատ հստակ ծրագիր ունի: Քաղխորհրդի նիստի ժամանակ մենք խոսեցինք թե՛ խորհրդարանում ձեռնարկվելիք քայլերի, և թե՛ այն բողոքի ակցիաների մասին, որոնք առաջիկայում կկազմակերպվեն», - հայտարարում էր «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչ Գոկա Գաբաշվիլին:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ մտցնելու համար Սաակաշվիլիի կողմնակիցներին ընդամենը 9 պատգամավորի քվե է պակասում: Ընդդիմությունը հույս ուներ, որ այդ բացը հնարավոր կլինի լրացնել խորհրդարանում ներկայացված՝ մեծությամբ երրորդ ուժի` Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատների» հաշվին: Սակայն մի քանի ամիս առաջ ընդդիմության շարքերը համալրած պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, թե չի պատրաստվում ներգրավվել առաջատար երկու ուժերի պայքարում:

«Իվանիշվիլին և Սաակաշվիլին իրականում փոխադարձաբար զգում են միմյանց կարիքը` որպեսզի պարբերաբար կարողանան մեկը մյուսով վախեցնել ժողովրդին: Բայց Վրաստանին և մեր ապագային ո՛չ մեկն է անհրաժեշտ, ո՛չ էլ մյուսը: Վրաստանին զարգացում է պետք, այլ ոչ թե վերադարձ Սաակաշվիլիի ժամանակաշրջան: Այդ իսկ պատճառով, մենք դեմ ենք «Ազգային միացյալ շարժման» այս նախագծին», - հայտարարեց Ալասանիան:

Ի դեպ, վերլուծաբանները նկատում են, որ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը բավական բարդ ընթացակարգ է ենթադրում: Ճակատագրի հեգնանքով, այն բարդացվեց հենց Սաակաշվիլիի իշխանության օրոք, երբ գրեթե անհնարին դարձնելով ընդդիմության կողմից կառավարության պաշտոնանկությանը հասնելու հեռանկարը: Այսպես, եթե նույնիսկ խորհրդարանի մեծամասնությունը համաձայնի քննարկել այս հարցը, ապա նաև կողմ քվեարկի հրաժարականին, միևնույն է՝ որոշիչ խոսքը պատկանում է Վրաստանի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG