Մատչելիության հղումներ

Կործանված ինքնաթիռի ուղևորները հիմնականում Գերմանիայի և Իսպանիայի քաղաքացիներ էին


Ֆրանսիական Ալպերում այսօր Airbus A 320 առավոտյան ինքնաթիռի վթարից զոհվել է 150 մարդ:

Germanwings ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռի մեջ եղել է 144 ուղևոր և անձնակազմի 6 ներկայացուցիչ: Միջազգային լրատվական գործակալությունները հաղորդում են, որ ուղևորները հիմնականում եղել են Գերմանիայի, Իսպանիայի, Թուրքիայի քաղաքացիներ:

Արդեն պարզվել է, որ Գերմանիայի 67 քաղաքացի է զոհվել աղետից։ BBC-ի հաղորդմամբ՝ զոհված գերմանացիներից 16-ը դպրոցականներ են, 2-ը՝ ուսուցիչ:

Իրավապահները հայտնել են, որ այսօր կործանված ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, շտապ հեռուստաուղերձում նշելով, որ ըստ ստացված տղեկությունների, ինքնաթիռի անկման հետևանքով փրկվածներ չկան, իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքին և հարազատներին: Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ վայրը, որտեղ ընկել է ինքնաթիռը, դժվար հասանելի է՝ աշխարհագրական դիրքի պատճառով:

France Info ռադիոկայանի տվյալներով, ինքնաթիռը վայր է ընկել լեռնապատ տարածքում, ծովի մակերևույթից մոտ 2700 մետր բարձրության վրա: Դեպքի վայր հասնելու ճանապարհներ, ըստ ռադիոկայանի, չկան: Ինքնաթիռը Բարսելոնայից Դյուսելդորֆ է ուղևորվել առավոտյան՝ Բարսելոնայի ժամանակով 8.55 րոպեին: France Press-ի հաղորդմամբ, թռիչքից 47 րոպե անց ինքնաթիռի անձնակազմն ուղարկել է վթարի ազդանշան: Կան տվյալներ, որ ինքնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքից 1 ժամ 15 րոպե անց:

Ավիաուղին սպասարկող Germanwings ընկերության սեփականատերերը կապ ունեն նաև Lufthansa ավիաընկերության հետ: Lufthansa-ն հայտարարել է, որ այսօրն ընկերության համար դարձավ սև օր: Աղետից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Germanwings ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ ընկերության ինքնաթիռները բարձրակարգ համակարգչային սարքավորումներ ունեն: Վթարի պատճառները դեռ պարզ չեն:

Germanwings ընկերության պատասխանատուները լրագրողներին հայտնել են, որ, անշուշտ, կձեռնարկեն հնարավոր բոլոր միջոցները՝ պատճառները պարզելու համար:

«Չեմ կարող հստակ ժամանակ նշել, բայց մենք համապատասխան պաշտոնյաների, փորձագետների հետ պետք է վերլուծենք և հետաքննություն կատարենք՝ տեղի ունեցածի պատճառները հնարավորինս շուտ և հնարավորինս պրոֆեսիոնալ ձևով պարզելու համար»,- ասուլիսի ժամանակ ասել է Germanwings-ի ներկայացուցիչը:

Գերմանական ընկերությունն ավիաթռիչքներ է սպասարկում մոտ 60 տարի, ընկերությունը մտադիր է շարունակել աշխատանքը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել են, որ ցնցված են տեղի ունեցածի կապակցությամբ և պահանջել են կատարել մանրակրկիտ հետաքննություն:

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ 1981 թվականից ի վեր Ֆրանսիայի տարածքում սա երկրորդ խոշոր ավիավթարն է. 1981 թվականին զոհվել էր 180 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG