Մատչելիության հղումներ

Հարկայինը տուգանքներ է ներկայացրել իշխանական պատգամավորների ձեռնարկություններին


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է՝ բյուջեում փող չկա, դրա համար են հարկային ստուգումները համատարած դարձել։

«Փոքր և միջին բիզնեսի վերացման պարագայում բյուջե ձևավորելու միակ ճանապարհը տուգանքներն են, հետևաբար մեր բյուջեն պարզապես տուգանքների և տրանսֆերտների բյուջե է»,- ասաց Խաչատրյանը։

Հայտնի դարձավ, որ Հարկային ծառայությունը ստուգումների արդյունքում պատկառելի տուգանքներ է ներկայացնում նաև իշխանական պատգամավորներին պատկանող ձեռնարկություններին։ 60 միլիոնով տուգանվել է Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը, 653 միլիոն դրամով՝ Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևան գարեջուր» ընկերությունը։

Հանրապետական Սուքիաս Ավետիսյանն ասում է՝ ի՞նչ կապ ունի կառույցի տերը հանրապետական է, թե՝ ոչ, ռիսկ են տեսնում, ստուգում են.- «Սեփական միս ուտելը համով չէ... ես համամիտ չեմ, որ փոքր ու միջին բիզնես չկա, կա՛ և փոքր ու միջին բիզնեսը բողոքում է, որ սկսեք խոշորներից, ինչո՞ւ եք սկսում միջինից։ Կարծում եմ՝ այս ստուգումների փուլը նաև միտված է այդ խնդիրը լուծելուն, և ինչու չէ՝ իրականացնել ստուգումներ, եթե հարկային մարմինները տեսնում են որոշակի ռիսկեր»։

«Երևան գարեջրի» համասեփականատեր Հակոբ Հակոբյանն ասաց՝ հարկային մարմնի տույժ-տուգանքը բողոքարկել են դատարանում, կարծում են՝ իրենք չեն թերացել։ Հարկայինն, ըստ Հակոբյանի, չարաշահում է հայտնաբերել գործարանի՝ 2013 թվականի գործունեության մեջ։

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ վերջին 10 տարում հարկայինը տուգանքի այդչափ մեծ արձանագրություն իր սեփականությունը հանդիսացող «Երևան գարեջրին» չի ներկայացրել։ Պատգամավորն, այդուհանդերձ, ասաց՝ հարկայինի գործողություններում «միտում» չի տեսնում։

«Մենք կսնանկանանք, մենք այդքան գումար պարզապես չենք կարող վճարել»,- ասաց Հակոբյանը։

«Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր, հանրապետական պատգամավոր Վրեժ Մարկոսյանն ասում է՝ առայժմ իր վրա չի զգացել հարկային ճնշումներ.- «Եթե ժամանակին մուծումներ չեն կատարել, հնարավոր է՝ այդպիսի բաներ լինեն»։

Ընդդիմադիր Լյովա Խաչատրյանը շատերին է ճանաչում, ում բիզնեսները վերջին տարիներին փակվել են, նրանք էլ թողել-հեռացել են Հայաստանից։

«Անցած տարվա համեմատ տնտեսվարողների թիվն է կրճատվել, բնակչության թիվն է կրճատվել, հարկերի քանակը մնացել է նույնը։ Նման բան հնարավոր չէ։ Դա տնտեսական քաղաքականության հետևանք է, մեղադրել հարկային աշխատողին, որի վրա դրված է հարկային պարտականություն, որը չկատարելու դեպքում կհանեն աշխատանքից և իր ընտանիքը չի կարողանա կերակրել, չեմ կարծում, որ դա արդարացի է»,- ասաց Խաչատրյանը։

Հերթը մեծերին է հասնելու, կարծիք հայտնեց պատգամավորը, նկատի ուներ խոշոր գործարարներին։ Ո՞վ է հաջորդը, չհանդգնեց գուշակել.- «Ով հերթի մեջ է»,- ասաց։

Հանրապետական Սուքիաս Ավետիսյանն ասում է՝ հիմա բոլոր երկրներն են դժվարություն կրում, Հայաստանով պետք չի սահմանափակվել.- «Երկու օր առաջ վիճակագրական տվյալներ եղան, որ կարծես թեՉինաստանում գրանցվել է տնտեսական աճ, որը ողջունում են համաշխարհային բոլոր կազմակերպությունները, որովհետև դա միտում է, որ կայունանում է համաշխարհային տնտեսությունը։ Ես չեմ ուզում այս խնդիրը միայն Հայաստանով սահմանափակել, որովհետև երբ ուսումնասիրում ես, բոլոր տեղերում նույն խնդիրները կան»։

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG