Մատչելիության հղումներ

2 հազար գառնեցիներ պահանջում են դադարեցնել ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը


Գյուղացիների խոսքով ծրագիրը վտանգում է Գառնիի կիրճը և Ազատ գետը:

Գառնիում ավելի քան 2 հազար բնակիչ է միացել ստորագրահավաքին, որով պահանջում են դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը՝ նշելով, որ այն պատուհաս կդառնա Գառնիի կիրճի, Ազատ գետի և պատմական գյուղի բնության համար։ Գյուղի ակումբում հավաքված գյուղացիները պատմում էին, որ ինչպես Գառնի, այնպես է հարակից 3 գյուղերում տարիներ շարունակ չոռոգվող ու անապատի վերածված հողատարածքների մասին, ու պնդում, որ ջուրը Արարատի մարզ տանելուց հետո առանց այն էլ սակավաջուր գետըբնապահպանական խնդիրների առաջ կկանգնի։

«Մեր բնությունն ա վերանալու, մեր գյուղի օդը դառնալու ա Արտաշատի օդից ավելի՝ Արարատյան դաշտից ավելի շոգ», - ասաց գառնեցիներից մեկը:

«Արտաշատի, Արարատի մարզում տանում են հազար հեկտար ոռոգելի դարձնեն, հազար հեկտար մեր Գառնիում առանց ոռոգելի հող ունենք, թող էդ ոռոգեն, խի՞ են տանում արտաշատ միլիոններով էլ ծախս անեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գառնիի մեկ այլ բնակիչ:

Ծրագրի արդյունքում նախատեսված է, որ Արարատի 12 գյուղերի ոռոգումը ինքնահոս կդառնա։ Այժմ դրանց ոռոգման համար օգտագործվում է հոսանքով աշխատող պոմպակայան, որի համար անհրաժեշտ ջուրը վերցնում են Ազատի ջրամբարից։ Գառնեցիները մտահոգված են, որ գետի ավելի բարձր հատվածից՝ Գառնիի կիրճից անցկացվող խողովակաշարն աստիճանաբար կցամաքեցնի գետը։

«10 հազար տարողություն ունեցող գետ ա եղել, քիչ-քիչ վերցրել են, հիմի էլ որ վերցնեն իրանց ծրագրով բնապահպանական թողքը 850 լիտր ամնում, 850 լիտրը էդ հսկա գետի մեջ չի երևալու»:

Ծրագրի հեղինակ, ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի ոռոգման մասնագետ Համլետ Հարությունյանը մինչդեռ հաշվարկել է: Համաշխարհային բանկի վարկի հաշվին 10 միլիոն դոլար կծախսեն ու ինքնահոս եղանակի անցնելով, տարեկան մոտ 1 միլիոն դոլար կտնտեսեն։

«Որտեղ ինքնահոսա արվում, գյուղացին լավ բույս ա աճեցնում, իսկ եթե պոմպով պիտի աշխատացնեն, նա գիտի, պոմպը մի երկու օր փչացավ, ջուրը մի երկու օր չտվեցին, խաղողը փչացավ: Մենք հուսալիությունն ենք բարձրացնում։ Էգուց-մյուս օրը ջրամբար են կառուցելու էնտեղ» - «Ազատության»-ը փոխանցեց Գառնու մի բնակիչ:

Ծրագրի հեղինակը պնդում է, որ չափումներ են արել ու համոզված են, որ գետի ջուրը բավարար է։ Ծրագրերի իրականացման գրասենյակի սոցիալական հարցերի մասնագետ Մարինե Վարդանյանը հավաստիացնում է, որ ամռան ամիսներին, եթե խնդիր լինի, ոռոգումը ինքնահոս եղանակով կդադարեցվի։

«Գյուղացիներն ասում են, բա էդ դեպքում ինչու եք ծախս անում։ Բայց սա մի տարվա համար չի կառուցվում: Եթե նույնիսկ այս տարի սակավաջուր լինի, և բնապահպանական թողքից բացի ուրիշ ջուր չլինի վերցնելու, Կառավարությունը որոշում կկայացնի այդ հարցը այդ մի տարին գուցե ուրիշ ձևով լուծվի, բայց մյուս տարի գուցե ջրառատ լինի և այդ հարցը չլինի: Էնպես որ խողովակը չկառուցել միայն ելնելով այն սկզբունքից, որ կարող ա մի տարի էլ լավ չլինի․․․Բայց բնապահպանական թողքը անպայման լինելու է, պահպանվելու է», - ասաց Վարդանյանը:

Գառնեցիները, սակայն, վստահ են, որ ամռան ամիսներին հազար հեկտար ոռոգելու համար ջուր վերցնելուց հետո գետը սակավաջուր կլինի։ Չեն հավատում ծրագրի պատասխանատուների փաստարկներին՝ պնդելով․ - «Ստեղ նեղ անձնական կամ խմբային շահեր են միայն»։

Գառնեցիները մատնացույց են անում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող այգիները, որոնք ևս ընդգրկված են ծրագրով ոռոգվելիք տարածքներում։ Ծրագրի հեղինակ Համլետ Հարությունյանը չի հերքում, որ այդ տարածքներում վարչապետն էլ այգիներ ունի։

«Ասենք, վարչապետը ունի հող։ Եթե էդ եք հարցնում, ունի հող, էս ռայոնի մարդ ա, ունի հող, ի՞նչ կապ ունի։ 1 500 մարդ հող ունի։ Մենք մտածում ենք Հայաստանում 11 միլիոն կիլովատտ քիչ հոսանք կծախսվի», - ընդգծեց Համլետ Հարությունյանը:

Ծրագրի պատասխանատուները վստահեցնում են, որ նոր ներդրող ունեն նաև Գառնիի ոռոգման ցանցը նորացնելու և կորուստները 35 տոկոսով նվազեցնելու համար, սակայն դա համայնքի բնակիչների համար մխիթարանք չէ։ Մի քանի անգամ լսումներ են տեղի ունեցել, բնակիչները միանշանակ դեմ են արտահայտվել և շարունակում են պնդել, որ ամեն ինչ անելու են ծրագրի ընթացքը տապալելու և այս նպատակով Համաշխարհային բանկի ֆինանսավորումը դադարեցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG