Մատչելիության հղումներ

Տասնյակ քաղաքացիներ արդեն ստորագրել են Հիմնադիր խորհրդարանի պայմանագիրը


Հիմնադիր խորհրդարանում այսօր մեկնարկեց այսպես կոչված անցումային կառավարության ձևավորման գործընթացը։ Շարժումը քաղաքացիների հետ պայմանագրեր է ստորագրում՝ նոր Սահմանադրություն մշակելու և նոր իշխանություն ձևավորելու համար։ Վստահ են՝ հաջողության կհասնեն։

Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի խոսքով, երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների առջև․ - «Մենք իրականացնում ենք ժողովրդի իշխանության վերականգնման գործընթաց: Սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմի հետ չեն համագործակցում, բանակցում են մեկ հարցի վերաբերյալ․ եթե համաձայն են անցնցում հեռանալ՝ խնդրեմ, այդ հարցով բանակցում ենք: Ուրիշ որևէ հարցով առնչություն չկա»:

Թե ինչպես են հեռացնելու Սերժ Սարգսյանի վարչակազմը՝ առայժ չեն մանրամասնում, սակայն պնդում են, որ եթե ունենան ընտրողների առնվազն 25 տոկոսի ստորագրությամբ պայմանագրեր, կսկսեն կառավարել երկիրը՝ նոր Սահմանադրություն կմշակեն, համապետական ընտրություններ կանցկացնեն։

«Ազատության» դիտարկմանը, թե իրենցից առաջ ռեժիմից շատ քաղաքական ուժեր են ցանկություն հայտնել ազատվել ու արդյունքի չեն հասել, և հարցին, թե որքանով է իրատեսական իրենց նախաձեռնությունը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը պատասխանեց․ - «Որքան է իրատեսական, ժամանակը ցույց կտա, իհարկե: Բայց մենք վստահ ենք, որ մենք ուղղակի որպես ժողովուրդ այլ ելք չունենք: Որովհետև այն ընթացքը, որը վերջին ամիսներին նկատելի է արդեն (ես նկատի ունեմ դեկտեմբերից սկսված ֆինանսական ճգնաժամը, Գյումրիի դեպքերը, դրանից հետո տեղի ունեցած բերձորյան դեպքերը, քաղաքական դեկորացիաների վերացումը Հայաստանում), այն, ինչ որ տեղի է ունենում, շատ մեծ արագությամբ է տեղի ունենում, բոլորի համար արդեն ակհայտ է, որ այսօր Հայաստանը արհեստական շնչառության է միացված»:

Չուքասզյանը շեշտեց, որ իրենց նախաձեռնությունը պետք չէ համեմատել Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիական պայմանագրի հետ: Իրենք երկար ճանապարհ են անցել և արդեն մի շարք գործնական քայլեր են արել։

Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած ստվերային կառավարությունում նախագահ չկա՝ խորհրդարանական մոդելի կառավարում է, մի բան, որ առաջարկում է նաև Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության բարեփոխմամբ։ Հիմնադիր խորհրդարանում, մինչդեռ, պնդում են, որ ի տարբերություն Սարգսյանի, իրենք այս առաջարկն արել են ժողովրդի, ոչ թե սեփական իշխանությունն ամրապնդելու համար։

«Այս պայմանագիրը միայն արտակարգ ժամանակվա համար է նախատեսվում: Մենք գիտակցում ենք, որ այն, ինչ որ վարչախումբը այսօր ձեռնարկել է, ընդամենը իշխանության ամրապնդման համար է արվում, որևիցե ձևով ազգային որևիցե նպատակներ չի հետապնդում: Որովհետև այն Սահմանադրությունը, որը այսօր թղթի վրա կա, թույլ էր տալիս բազմաթիվ ժողովրդավարական գործընթացներ, որոնք հնարավոր չեղավ իրականացնել անցած տարիների ընթացքում: Սրանից բխում է, որ համակարգը, որպես այդպիսին, արդեն փտել է, և այդ փտած համակարգից արդեն սպասելիքներ ունենալ չի կարելի», - ասաց Չուքասզյանը:

Այսօր պայմանագիրը ստորագրեցին տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք արդեն Հիմնադիր խորհրդարանի անդամ են։

«Բազմակուսակցական համակարգը, որով մենք պիտի կարծես թե հասնեինք մեր նպատակներին, մեր երկիրը կառուցեինք, այդ կուսակցական համակարգը չկայացավ: Մենք տեսանք, որ այդ կուսակցությունները ուրիշ գործով են զբաղված, և նրանց գործունեության արդյունքում երկիրը կործանման եզրին է», - ասաց պայմանագիրը ստորագրածներից մեկը:

XS
SM
MD
LG