Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունեց


Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց առաջիկայում անդրադանալ նաև եզդի ժողովրդի ցեղասպանությանը:

Հոտնկայս ծափահարություններով, Ազգային ժողովի պատգամավորները միաձայն ընդունեցին Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարություն, որը հեղինակել էին թե իշխող, թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։

Հայտարարության նախագիծը ներկայացնելով՝ երեկ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարեց.- «Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»։

Մինչև քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկնեց իր առաջարկը՝ առաջիկայում անդրադանալ եզդի ժողովրդի ցեղասպանությանը:

«Ես կրկին հորդորում եմ խորհրդարանին առաջիկայում անդրադառնալ եզդիների հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությանը։ Իրենք պատրաստ են փաստեր ներկայացնել խորհրդարանին»,- ասաց Զոհրաբյանը։

Հարցի քննարկմանն ու քվեարկությանը հետևող ասորական և հունական համայնքների ներկայացուցիչները կարևորեցին Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին անգամ նման հայտարարության ընդունումը:

«Տարբեր երկրներում, որտեղ քննարկվում է այս հարցը, միշտ այդպիսի հարց էր ծագում՝ ինչո՞ւ Հայաստանում չի այս հարցը քննարկվում։ Անհրաժեշտությունը կար շուտվանից»,- ասաց Հայաստանի ասորիների «Աթուր» միություն նախագահ Արսեն Միխաիլովը։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպության ղեկավար Էդուարդ Պոլատովն էլ ասում է՝ վաղուց էր հասունացել նման հայտարարության անհրաժեշտությունը։

«Առաջին հերթին դա հունական համայնքին, սփյուռքին, որ ապրում է Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Ասիայում հնարավորություն կտա ամբողջ թափով կանգնել հայկական համայնքի կողքին ու նաև աջակցել ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Սա մի խթան կհանդիսանա»,- ասաց Պոլատովը։

Ազգային ժողովը առաջարկում է նաև դեկտեմբերի 9-ը սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր, քանի որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

Նախագծով առաջարկվում է նաև փոփոխել տոների և հիշատակների մասին օրենքում ապրիլի 24-ի ձևակերպումը, մասնավորեցնել այն և սահմանել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Դեկտեմբերի 9-ը սահմանվում է Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը։ Նպատակը այն է, որ ապրիլի 24-ը, որը գործող օրենքում գրված է Ցեղասպանության հիշատակի օր, նշվի Հայոց ցեղասպանության հիշատակի օր»,- պարզաբանեց հանրապետական Արտակ Զաքարյանը:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը առարկեց՝ ապրիլի 24-ի ձևակերպումը չարժե փոխել.- «Հայոց բառը հատուկ չի շեշտվել՝ նկատի առնելով, որ ցեղասպանություններ վերապրած այլ ժողովուրդները կարողանան այդ օրը հայերի հետ միասին ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշել։ Այս փոփոխությամբ հատուկ շեշտում ենք, որ դա միայն հայերին է վերաբերվում։ Որքանո՞վ է դա նպատակահարմար»։

Մինասյանի խոսքով՝ դեկտեմբերի 9- ը պետք է ոչ թե ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր սահմանել, այլ այդ արհավիրքի դեմ պայքարի կամ կանխարգելման:

«Դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ստացվում է, որ մեր հիշատակի օրերում ունենում ենք անընդհատ զոհերի մասին վկայություն։ Երբ դուք կապում եք ՄԱԿ-ի կոնվենցիայի հետ, այնտեղ զոհերի մասին խոսք չկա, այնտեղ կա պայքարի, կանխարգելման, պատժի մասին։ Արդյոք ճի՞շտ չէ, որ դեկտեմբերի 9-ը կոչվի Ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային օր»։

Արտակ Զաքարյանը պատասխանեց՝ երբ առաջարկը պաշտոնապես ներկայացվի, կքննարկեն նախագծի հեղինակների հետ: Օրինագծի քվեարկությունը կկայանա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG