Մատչելիության հղումներ

Հայ զինծառայողի «առևանգման հավանականությունը գրեթե զրոյական է», բայց քննարկվում է


Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը՝ սահմանն անցնող զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ, նկարահանվել է շփման գծից հեռու հատվածում։

Ամբողջը բեմանակացվել է, «Ազատության» հետ զրույցում կրկին պնդեց Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Այն, ինչ որ նկարահանել են, որևէ ձևով կապ չունի առաջին գծի հետ։ Դա կարող է իրենց դիրքերը լինեն, ուղղակի երկրորդ, երրորդ, չորրորդ գծից նկարահանեին»,- փոխանցեց պաշտոնյան։

Բաբայանի խոսքով, Անդրանիկ Գրիգորյանի զորամասում սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզ կդառնա՝ ինչպե՞ս է պայմանագրային զինծառայողը հերթափոխից աննկատ թողել իրեն ամրակցված զենք-զինամթերքն ու քայլել ադրբեջանական սահմանի ուղղությամբ։

Այն, որ գերության մեջ գտնվող հայ զինծառայողն այժմ հոգեկան լուրջ խնդիրներ ունի, Բաբայանը չի կասկածում, սակայն վստահեցնում է, հայկական զինված ուժերում աշխատանքի անցնելուց նրա մոտ բժշկական հանձնաժողովը հոգեկան շեղումներ չի արձանագրել։

«Եթե լիներ այդպիսի խնդիր, ինչո՞ւ պիտի վերցնեին բանակ։ Ուղղակի պետք է ճշտել մանրամասները՝ ինչպես է էդպես ստացվել»։

Բաբայանը հավաստիացնում է, որ հայ զինծառայողի դեպքը կապված չէ մարտի 19-ին շփման գծում արձանագրված լարվածության հետ։ Անդրանիկ Գրիգորյանը սահմանն անցել է ադրբեջանական կողմի հարձակումից 3 օր անց, ասում է Ղարաբաղի նախագահի խոսնակը, հավելելով, որ ղարաբաղյան իշխանությունները քննարկում են նաև հայ զինվորին ադրբեջանական հատուկ նշանակության զորքերի կողմից առևանգելու վարկածը։

«Բայց դիվերսիայի կամ առևանգման հավանականությունը գրեթե զրոյական է։ Եթե այդպիս բան լիներ, իրենք չէին կարող աննկատ գալ և նման քայլի դիմել։ Երկրորդ՝ զենք-զինամթերքը անպայման հետը կտանեին, որպեսզի ցույց տային, որ վնասազերծել են ինչ-որ դիվերսանտի։ Ցույց կտային ֆիլմի նման՝ հատուկ ջոկատայինները, երեսները ներկած, գալիս են և վնասազործում են այդ մարդուն»,- ասաց Բաբայանը։

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հավատում է ՊԲ հաղորդագրությանը, համաձայն որի Անդրանիկ Գրիգորյանը սեփական կամքով է հանձնվել հակառակորդին։ Իսկ ադրբեջանական 42 վայրկյանանոց տեսանյութում հնչող խոսքերում, ըստ Կոմանդոսի, արտասովոր բան չկա, գերության մեջ հայտնված մարդը այլ բան չէր էլ կարող ասել։

«Յուրաքանչյուր զինվոր պետք է ասեր նույն բանը, կա շրջանակ, որի մասին նա պետք է խոսի՝ ասելով, որ այսինչը կամ այնինչը մեզ մոտ վատ է։ Մի կարծեք, որ եթե նրանց զինվորը անցնի մեզ մոտ, նույն բաները չի ասելու»,- ասաց Կոմանդոսը։

Ադրբեջանում հայտնված զինվորի մասին այսօր խոսել է նաև պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։ Լրագրողների տասնյակ հարցերին բարձրաստիճան պաշտոնյան գրեթե նույն պատասխանն է տվել.- «Անցել է հակառակորդի կողմը։ Պատճառները և նպաստող պայմանները ուսումնասիրվում են»։

XS
SM
MD
LG