Մատչելիության հղումներ

Ռուսաստանի «փափուկ զենքի» գործակալությունը նոր ղեկավար ունի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ, Մոսկվա, 19 մարտի, 2015թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ, Մոսկվա, 19 մարտի, 2015թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Լյուբով Գլեբովային նշանակվել է «ԱՊՀ, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության» ղեկավար։

Այս բավական երկար անվամբ կառույցի առջև դրվում է այսպես կոչված «փափուկ զենքով» արտաքին ագրեսիային դիմագրավելու առաքելությունը։

Գլեբովան այս պաշտոնում փոխարինում է Կոնստանտին Կոսաչևին, ով անցյալ տարվա դեկտեմբերից աշխատում է խորհրդարանի վերին պալատում` Դաշնության խորհրդում, որտեղ գլխավորել է միջազգային հարցերի հանձնաժողովը։

Պետական դումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Շլեգելի կարծիքով, «ԱՊՀ, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալությանը» վերաբերող այդ կադրային որոշումը վաղուց է հասունացել։

«Ամբողջ ռուսաց աշխարհի, մեր մշակույթի և պատմության վրա լայնածավալ գրոհ է իրականացվում, դրան պետք է հակազդել»,- ասել է Շլեգելը, ավելացնելով, որ Գլեբովան ունի ղեկավարման լավ փորձ։

Մինչ այդ Գլեբովան աշխատել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովում, 2005-2008 թվականներին զբաղեցրել է առողջապահության և սոցիալական զարգացման փոխնախարարի պաշտոնը։

«ԱՊՀ, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության» խնդիրն է ամրացնել միջազգային կապերը և արտասահմանում ստեղծել Ռուսաստանի դրական կերպարը, սատարել արտասահմանում բնակվող հայրենակիցներին, օգնել նրանց սոցիալական, աշխատանքային և իրավական հարցերում, նպաստել արտասահմանում ռուսաց լեզվի, մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։

Նշենք, որ նախագահ Պուտինը կատարել է ուշագրավ ևս երկու կադրային որոշում։ Նա փոխել է իր աշխատակազմի միջազգային քաղաքականության վարչության ղեկավար Սերգեյ Բոլխովիտինին և ներքին քաղաքականության վարչության ղեկավար Օլեգ Մորոզովին։

Վերջինս համարվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր գաղափարախոսներից մեկը։ Նրան աշխատակազմի ներքին քաղաքականության վարչության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Տատյանա Վորոնովան, իսկ արտաքին բաժնի նոր ղեկավար դեռ չի նշանակվել։

Հրամանագրերում կադրային որոշումների դրդապատճառների մասին տեղեկություններ չկան։ Որոշ վերլուծաբաններ այս փոփոխությունները պայմանավորում են Կրեմլում քաղաքական-տնտեսական տարբեր նպատակներ հետապնդող խմբավորումների անտեսանելի, բայց բավական թեժ մրցակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG