Մատչելիության հղումներ

Պատարագ Ստամբուլի հայկական եկեղեցիներում՝ Գալիպոլիի ճակատամարտում զոհված զինվորների հիշատակին


Պատարագ Ստամբուլի հայկական եկեղեցիներում՝ Գալիպոլիի ճակատամարտում զոհված զինվորների հիշատակին
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը արարողությունը գնահատել է պատմական։

Ստամբուլի հայկական եկեղեցիները կիրակի օրը պատարագ են մատուցել՝ աղոթելով 100 տարի առաջ Գալիպոլիի ճակատամարտում զոհված բոլոր զինվորների հիշատակին՝ անկախ նրանց դավանանքից, էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, հաղորդում է թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը՝ արարողությունը գնահատելով պատմական։

«Թուրքիայի հայ համայնքը միացել է կրոնական պատմական արարողությանը՝ ի հիշատակ Գալիպոլիի ճակատամարտում զոհված քրիստոնյա, մահմեդական և հրեա զինվորների», - գրում է թերթը։

Ստամբուլի հայկական ութ եկեղեցիներում պատարագ է մատուցվել։ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատարագը մատուցել է Յեշիլ քյոյի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցում։

«Արքեպիսկոպոսը աղոթել է Գալիպոլիի ճակատամարտում բոլոր զոհվածների հոգու հանգստության համար՝ լինի մահմեդական, ոչ մահմեդական կամ աթեիստ», - գրում է «Դեյլի Սաբահ»-ը։

«Անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, այդ մարդիկ կռվել են իրենց երկրի գոյության համար, ուր նրանք ապրում էին։ Աստված նրանց երկնային արքայություն տա, և մենք աղոթում ենք, որ նման տառապանքներն այլևս չկրկնվեն», - իր խոսքում ասել է Արամ Աթեշյանը։

Նշենք, որ Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտը նշում էր մարտին։ Դարդանելի նեղուցի վրա վերահսկող դիրք ունեցող թերակղզու համար մարտերը շարունակվել են 1915 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի դեմ կռվող կոալիցիոն ուժերը ապրիլին վերջնականապես պարտվեցին ռազմավարական նշանակություն ունեցող թերակղզու համար մղվող ճակատամարտում։

Օսմանյա կայսրության բանակում կռվել են նաև մեծ թվով ոչ մահմեդականներ՝ այդ թվում հայեր և հույներ։ Չնայած նրանց վստահվել է թիկունքային ուժերում ծառայությունը, այնուամենայնիվ շատերը կռվել են նաև առաջին գծում։

Պատմաբանները՝ վկայակոչելով ռազմաբժշկական ծառայության արխիվների նյութերը, նշում են, որ Օսմանյան կայսրության բանակում 299 հայ բժիշկ է ծառայել։

Թուրքիայի իշխանություններն այս տարի որոշեցին Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին, երբ հայերը նշում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Ռեջեփ էրդողանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրեց Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի 100-ամյակը նշելու տոնակատարություններին։ Այս քայլով Էրդողանը պատասխանեց Սարգսյանին, ով ավելի վաղ Էրդողանին Հայաստան էր հրավիրել մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG