Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի հրամանատարն անհրաժեշտ է համարում զինել Ուկրաինային


Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է մտածի անջատողականների դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու ուղղությամբ, այդ թվում՝ պաշտպանական զենք տրամադրելու հարցով:

Բրիդլավը նաև ասել է, որ Արևմուտքը պետք է հակազդի Ուկրաինայի դեմ գործադրվող դիվանագիտական, ինֆորմացիոն, ռազմական, տնտեսական լծակներին:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը, ասուլիսում իր մեկնաբանությունները ներկայացնելով, Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել է՝ չհնչեցնելով այդ երկրի անունը:

Բրիդլավը նաև ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն մտահոգված է Ուկրաինայում առկա ռազմական իրավիճակով: Նա, մասնավորապես, մտահոգիչ է համարել Մինսկի համաձայնագրի պայմաններում հրադադարի ռեժիմի խախտումների փաստը:

Ուկրաինայի արևելքում՝ Լուգանսկի մարզի Ստախանովի, Ալչեվսկ և Պերվոմայսկ քաղաքներում ռուսամետ անջատողականներն ավելացնում են ուժերը, հաղորդել Ուկրաինայի բանակի խոսնակ Անդրեյ Լիսենկոն: Նրա խոսքով, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը շարունակում է զինված միավորումների պատրաստությունը և իրականացնում է օդային հետախուզություն:

Անջատողականներն իրենց հերթին հայտարարում են ուկրաինական բանակի խախտումների մասին: Մասնավորապես, պնդել են, թե Դոնեցկում ուկրաինական կողմը կրակոցներ է արձակել ոչ միայն անջատողականների դիրքերի, այլև բնակավայրերի ուղղությամբ: Երեկ տեղեկություններ կային, որ օդուժը հարվածներ է հասցրել Դոնեցկի երկաթուղային կայարանին:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Մինսկի համաձայնագրով նախատեսված հրադադարը խախտելու հարցում այսօր մեղադրել է Կիևին: Նա Նորմանդյան քառյակին՝ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով տեղի ունեցած բանակցություններին մասնակցած երկրներին հորդորել է Կիևին ստիպել հարգել հրադադարի պայմանավորվածությունը:

Մինչ պատժամիջոցներ կրող ռուսական կողմը շարունակում է պատասխանատվությունն ուկրաինական կողմի վրա բարդելու փորձերը, եվրոպացի դիվանագետները հարկ են համարում Ուկրաինայի Արևելքում Ռուսաստանին զսպելու միջոցներ ձեռնարկել:

«Եվրամիությունը պետք է ավելի խիստ քայլեր ձեռնարկեր, երբ հասկանալի դարձավ, որ Ռուսաստանը 2013-ի ամռանը սկսել է խախտել կանոնները»,- հայտարարել է Շվեդիայի նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը և ավելացրել.- «Երբ ռուսները տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ուկրաինայի նկատմամբ, հիշում եմ, ես և Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին ահազանգում էինք, բայց Բրյուսելը, կարծես, քնած էր մնացել։ Արդյոք եթե մեզ լսեին` բան կփոխվե՞ր, չգիտեմ, սակայն Եվրամիության արձագանքը միանշանակ սխալ էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG