Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյան․ ԲՀԿ-ն գործելու է որպես նորմալ, առողջ ընդդիմություն


Նաիրա Զոհրաբյան ԱԺ նիստի ժամանակ, արխիվ
Նաիրա Զոհրաբյան ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Կուսակցության ղեկավարի խոսքով, սա չի նշանակում, որ ծայրահեղ գնահատականներ են տալու իշխանության բոլոր քայլերին:

Այսօր Ազգային ժողովում մեկնարկելիք հերթական քառօրյայում «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կհայտարարի ընդդիմություն դառնալու կուսակցության որոշման մասին՝ հրաժարվելով այլընտրանքի կարգավիճակից։ Զոհրաբյանն «Ազատության»-ը տված հարցազրույցում ասաց, որ կուսակցությունը գործելու է որպես «նորմալ, առողջ ընդդիմություն»։

«Այսինքն, մենք ծայրահեղ քայլեր, ծայրահեղ գնահատականներ միայն նրա համար, որ դա անում է իշխանության ներկայացուցիչը, բնականաբար չենք անելու: Մենք գործելու ենք կոնստրուկտիվ դաշտում, այսինքն, փորձելու ենք բոլորի հետ գտնել համագործակցության նորմալ, առողջ եզրեր՝ հանուն երկրի շահի», - ասաց ԲՀԿ ղեկավարը:

Կուսակցության ղեկավարը համարում է, որ երկրում կան կուտակված լրջագույն խնդիրներ, տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, և ԲՀԿ-ն փորձելու է լուծումներ գտնել։ Զոհրաբյանի խոսքով, այդ նպատակով պատրաստ են համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ և վստահեցնում է, թե ներկուսակցական ցնցումներից հետո արդեն աշխատանքային ռիթմի մեջ են։

«Մենք որևէ համագործակցության եզր չենք մերժում որևէ քաղաքական ուժի հետ, բայց ասել, որ ոչինչ տեղի չի ունեցել կուսակցության հետ և մենք մեր մարտավարության, ռազմավարության մեջ փոփոխություններ չենք անելու, դա իհարկե ազնիվ չի լինի, հիմա մենք դրա վրա աշխատում ենք», - ընդգծեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ երբ պատրաստ կլինեն իրենց նոր քաղաքական օրակարգը հանրության ներկայացնելու, այդ ժամանակ շատ ավելի բաց և հրապարակային կխոսեն շատ հարցերի մասին:

«Բարգավաճ Հայաստան»-ից Գագիկ Ծառուկյանի դուրս գալուց հետո Ազգային Ժողովի 33 ԲՀԿ-ական պատգամավորներից 11-ը հետևեցին նրա օրինակին։ Օրենսդրությունը պատգամավորներին թույլ է տալիս մնալ խմբակցության կազմում՝ չլինելով կուսակցության անդամ և չկիսելով նրա գաղափարները։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նրանքայսուհետ ազատ կլինեն իրենց քվեարկությունների մեջ։

«11 պատգամավորները, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, իրենք են հայտարարել արդեն, որ իրենք ազատ են լինելու իրենց քվերակություններում: Դա իրենց գործն է, իրենց իրավունքն է և իրենք պիտի որոշեն, թե ինչ ուն համառորեն մնում մի խմբակցությունում, որի գաղափարները չեն կիսում», - ասաց Նաիր Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանական խմբակցության նիստում որոշեց կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին վստահել նաև խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Իսկ քարտուղարի պարտականությունները Զոհրաբյանի փոխարեն դրվեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանի վրա: Ի դեպ, խմբակցության այդ նիստին հրավիրվել էին նաև կուսակցությունից դուրս եկած պատգամավորները, սակայն չէին ներկայացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG