Մատչելիության հղումներ

ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագիրը՝ Չեխիայի խորհրդարանում


Վրաստան - Մայրաքաղաք Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Վրաստան - Մայրաքաղաք Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Մոտ կես տարի տևած ձգձգումներից հետո, հինգշաբթի երեկոյան չեխական խորհրդարանում մեկնարկեց Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը:

«Պատգամավորների մոտ 67 տոկոսը կողմ է արտահայտվել վավերացմանը: Փաստաթուղթը կուղարկվի հանձնաժողովներ, ինչից հետո կկայանա դրա քննարկումն արդեն երկրորդ ընթերցմամբ», - «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Չեխիայում Վրաստանի դեսպան Զաալ Գոգսաձեն:

Մինչև վերջին պահը, սակայն, իրադարձությունների զարգացման նման սցենարը քիչ հավանական էր թվում: Պատճառը Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի` թերթերից մեկին մարտի 9-ին տված հարցազրույցն էր: Դրանում նախարարը հայտարարում էր, թե իր ղեկավարած գերատեսչությունը խորհրդարանից հետ է կանչել համաձայնագրի տեքստը` Վրաստանի էներգետիկ բաշխիչ ցանցերի մեծ մասի սեփականատեր հանդիսացող չեխական Energo Pro ընկերության իրականացրած ներդրումները պաշտպանելու նպատակով: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Վրաստանի ֆինանսների նախարարությունը 60 միլիոն դոլարի տուգանք է սահմանել այս ընկերության համար, որը, ի դեպ, երկրի խոշորագույն հարկատուներից մեկն է: Energo Pro-ն 15 ՀԷԿ-երի սեփականատերն է, ընկերության բաժանորդների ընդհանուր թիվը Վրաստանում հասնում է 2 միլիոնի:

«Ես չեմ կարծում, որ արժե շահարկել մի հարց, որը վերաբերում է կարևորագույն քաղաքական որոշումներից մեկին: Համոզված եմ, որ Չեխիայի խորհրդարանում ի վերջո կմեկնարկեն և հաջողությամբ ավարտին կհասցվեն համաձայնագրի վավերացման շուրջ բոլոր ընթացակարգերը», - լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին:

Վրաստանի ֆինանսների նախարարությունը, սակայն, չի հերքում, որ Energo Pro-ում ստուգումներ իրականացվել են: Ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի պնդմամբ` դա զուտ տնտեսական հարց է:

«Հարկային ծառայությունների կողմից ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում որոշակի տուգանք է սահմանվել: Energo Pro-ի ղեկավարությունը համաձայն է այդ գումարի միայն մի մասին», - նշում էր Վրաստանի ֆինանսների նախարարը:

Կառավարության մեկ այլ անդամ էլ` փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պնդում էր` Energo Pro-ի շուրջ ծավալված իրադարձությունները Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ որևէ կապ չունեն:

«Հավատացնում եմ ձեզ, որ այս ողջ պատմությունը Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ որևէ առնչություն չունի: Իրականում սա կեղտոտ քարոզչության մի մասն է, որի թիկունքին որոշ հեռուստաընկերություններ են նշմարվում», - հայտարարեց Կալաձեն` ակնհայտորեն նկատի ունենալով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հետ սերտ առնչություններ ունեցող «Ռուսթավի 2»-ը:

Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի, երբ Եվրամիության անդամ բոլոր պետությունների խորհրդարանները վավերացնեն այն: Այժմ Եվրամիության 28 անդամներից Թբիլիսիի հետ պայմանագիրը վավերացրել են 13-ը:

XS
SM
MD
LG