Մատչելիության հղումներ

Օսկանյանի պնդմամբ, դեսպանատունն ընդդիմացել է Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին իր մասնակցությանը


Վարդան Օսկանյան, արխիվ

Վարդան Օսկանյան, արխիվ

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․ - «Ամիսներ առաջ հրավեր էի ստացել Սփյուռքի մեր կարևոր և հայաշատ համայնքներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական հանձնախմբի կողմից՝ այս տարվա ապրիլին իրենց գլխավոր միջոցառմանը ելույթ ունենալու համար»:

«Միջոցառումը տեղի է ունենալու այդ երկրի մայրաքաղաքի գլխավոր տաճարում, որտեղ սպասվում է հազարից ավելի մարդու ներկայություն: Նախատեսված է, որ միջոցառմանը ելույթ են ունենալու այդ երկրի պետական այրերը», - գրում է Օսկանյանը՝ նշելով, որ սիրով համաձայնել էր մասնակցել, սակայն մի քանի օր առաջ զանգ է ստացել կազմակերպիչներից, ովքեր տեղեկացրել են, որ այդ երկրում Հայաստանի դեսպանությունը առարկել է իր մասնակցությանը:

«Համայնքի ներկայացուցիչները, փորձելով հակառակը համոզել դեսպանությանը, ի վերջո չեն ցանկացել հակադրվել ու լարվածություն ստեղծել և ընդառաջել են նրանց պահանջին: Այստեղ հարցը բոլորովին իմ անձը չէ: Հարցը այս մտածողության և գործելաոճի սնանկությունն է», - ընդգծում է նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ Ցեղասպանությունը, հատկապես 100-րդ տարելիցի միջոցառումները, համազգային խնդիր է, և որևէ իշխանության, անձի կամ անձանց խմբի սեփականությունը չէ:

«Մեր խնդիրն է, հատկապես այս տարի, լավագույնս ներկայացնել մեր երկիրը, դատը օտարներին ու միջազգային հանրությանը»:

«Թերևս կհամաձայնեք ինձ հետ, որ Հայաստանում շատ չեն մարդիկ, ովքեր իրենց անցած ճանապարհով, փորձով, գիտելիքներով և լեզվի իմացությամբ կարող են պատշաճ կատարել այդ առաքելությունը: Իշխանությունները, փոխանակ իրենք քաջալերեն, որ այդ մարդիկ այդ օրերին աշխարհի տարբեր մասերում հանդես գան ելույթներով, խոչընդոտում են անգամ ինքնաբուխ արված հրավերը՝ բացառապես պայմանավորված ներքաղաքական և անձնական շարժառիթներով»:

Վարդան Օսկանյանի խոսքով, սա բացարձակապես անհասկանալի և անընդունելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG