Մատչելիության հղումներ

Վատառո՞ղջ է արդյոք Վլադիմիր Պուտինը


Վատառո՞ղջ է, թե ոչ Վլադիմիր Պուտինը
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

Որտե՞ղ է Վլադիմիր Պուտինը: Սա է ռուսական մամուլում այսօր հնչող գլխավոր հարցը: Արդեն մեկ շաբաթ է ինչ Ռուսաստանի Դաշնության նախագահը խուսափում է տեսախցիկներից:

Վերջին անգամ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան հեռուստաալիքների եթերում հայտնվել է մարտի 5-ին՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ: Դրանից հետո Կրեմլը մեկը մյուսի ետևից չեղյալ է հայտարարում Պուտինի մասնակցությամբ դեռ շաբաթներ առաջ ծրագրված բոլոր հանդիպումներն ու այցերը: Այսօր, օրինակ, Պուտինը պետք է մեկներ Աստանա՝ մասնակցելու Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան եռակողմ գագաթաժողովին: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ հանդիպումն անորոշ ժամկետով հետաձգվել է: Ղազախստանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած անանուն աղբյուրը Reuters-ի թղթակցին ասել է, թե հետաձգման պատճառը Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրներն են։

Այս վարկածի օգտին է խոսում նաև մեկ այլ աննախադեպ իրադարձություն ևս, որ տեղի ունեցավ երեկ օրվա երկրորդ կեսին: Առաջին անգամ Պուտինի նախագահության ողջ ընթացքում Ռուսաստանի ղեկավարի աշխատակազմը չեղյալ հայտարարեց նրա մասնակցությամբ համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Երեկ Կրեմլում Պուտինը և Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը պետք է «Դաշնակցային հարաբերությունների մասին» երկկողմ պայմանագիր ստորագրեին: Վերջին պահին, սակայն, Ռուսաստանի նախագահի աշխատակազմը առանց որևէ բացատրության չեղյալ հայտարարեց համաձայնագրի ստորագրման արարողությունը:

«Սա անակնկալ էր ոչ միայն հարավօսական պատվիրակության, որի մի մասն արդեն Մոսկվայում էր, այլև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայության աշխատակիցների համար, որոնք զբաղված էին համաձայնագրի ստորագրման արարողության տեխնիկական կողմի ապահովմամբ»,- գրում է իշխանություններին մոտ կանգնած VZ.ru ինտերնետային պարբերականը:

Հայտնի միլիարդատեր և նախագահի նախկին թեկնածու Միխայիլ Պրոխորովին պատկանող РБК օրաթերթն էլ «Անտեսանելի հիվանդություն» վերնագրված հոդվածում պնդում է, որ Կրեմլի մամուլի ծառայությունը համեմատաբար հին միջոցառումները փորձում է հանրությանը ներկայացնել որպես նոր տեղի ունեցած իրադարձություններ:

«Օրինակ, մարտի 8-ին ռուսական հեռուստաալիքներով եթեր հեռարձակված Պուտինի հանդիպումը կանանց հետ իրականում տեսագրվել էր մարտի 5-ին` նախագահի անձնական օպերատորի կողմից»,- գրում է թերթը:

Այս հանդիպմանը ներկա կանանց պնդմամբ՝ Պուտինը բավական հոգնած տեսք ուներ:

РБК-ի տեղեկություններով՝ Կրեմլը նաև սխալ ամսաթվերով է ներկայացնում Պուտինի աշխատանքային հանդիպումները նահանգապետերի հետ: Այսպես, Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը մարտի 10-ին տեղեկություն էր հաղորդել, որի համաձայն Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի նահանգապետ Դմիտրի Կոբիլկինի հետ: «Կրեմլին մոտ կանգնած երկու աղբյուրներ պնդում են, որ նահանգապետն այդ օրը Կրեմլում չի եղել»,- գրում է РБК-ն:

Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենի հետ հանդիպման մասին Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկատվություն էր զետեղել երեկ: Մինչդեռ Պետրոզավոդսկում լույս տեսնող "Вести Карелии" օրաթերթը այս հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակել էր դեռ մարտի 5-ին:

Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արդեն երկրորդ օրն է ինչ կտրականապես հերքում է իր ղեկավարի հիվանդության մասին լուրերը:

«Նման տեղեկություններ տարածողների մոտ գարնանային սրացումներ են սկիզբ առել»,- ասել է Պեսկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում՝ փոխանցելով նաև, որ վերջին օրերին Պուտինի օրակարգը հագեցած է «բազմաթիվ ոչ ֆորմալ հանդիպումներով»:

Կրեմլի կայքում Պուտինի գործունեության մասին վերջին տեղեկությունն, ի դեպ, կարճ հաղորդագրությունն է նրա և Սերժ Սարգսյանի միջև կայացած հեռախոսազրույցի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG