Մատչելիության հղումներ

Ցեղասպանության հռչակագրի տեքստը փոխանցվել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին


Լուսանկարը՝ Արտգործնախարարության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը գլխավոր քարտուղար Բան Կի-մունին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը` թարգմանված ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով` նշելով, որ հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, դեսպան Մնացականյանը Բան Կի-մունին տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետևողական ջանքերի ամրապնդման առումով:

«Զոհրաբ Մնացականյանը Բան Կի-մունին տեղեկացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 LIVES» նախաձեռնության շրջանակներում մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին», - մասնավորապես ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Դեսպան Մնացականյանը հիշատակել է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարևորությունը, մասնավորապես` շփման գծից դիպուկահարների հետ քաշելու անհրաժեշտությունը՝ընդգծելով, որ համանախագահների կողմից առաջարկվող այս միջոցները շարունակում են մերժված լինել Ադրբեջանի կողմից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG