Մատչելիության հղումներ

Չեխիայում Թուրքիայի դեսպանը այցելում է միջոցառումներ՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը


Տեսարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայից

Տեսարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայից

Ահմեթ Նեչատի Բիգալիի համար անհանգիստ օրեր են սկսվել:

Անհանգիստ օրեր Պրահայում՝ թուրք դեսպանի համար. արդեն որերորդ օրն է Չեխիայում Թուրքիայի դեսպան Ահմեթ Նեչատի Բիգալին թղթապանակը ձեռքին այցելում է միջոցառումից միջոցառում՝ անձամբ ժխտելու Հայոց ցեղասպանությունը:

Երեկ թուրք դիվանագետը Գյոթեի անվան ինստիտուտում էր՝ «Երեկ և այսօր. արդարությունը միշտ անհրաժեշտ է» խորագրով կոնֆերանսին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որը կազմակերպել էր Gariwo իրավապաշտպան կազմակերպությունը:

Մարդաշատ լսարանի առջև նախ ելույթ ունեցավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա խոսեց Թուրքիայում պաշտոնապես չճանաչված Հայոց ցեղասպանության մասին, թվարկեց տասնյակ երկրներ, որոնք, անտեսելով աշխարհաքաղաքական շահերը, ճանաչել են մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը:

Դեսպան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց նաև Չեխիայի նախագահին, ով մեկ տարի առաջ բառացիորեն հայտարարեց, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Չեխ հայագետ Միլադա Կիլիանովան իր ելույթում Օսմանյան կայսրության քարտեզի ֆոնին ներկայացրեց 1915 թվականի ողբերգության ժամանակագրությունը և մանրամասները՝ տեղահանություն, ցեղասպանություն։

Եվս երկու բանախոսի ելույթներից հետո դահլիճում նստած թուրք դեսպանի նյարդերը տեղի տվեցին․ Ահմեթ Նեչատի Բիգալին, չթաքցնելով զայրույթը, հայտարարեց, որ արդար չէ նման միջոցառում կազմակերպելը, և որ այն շատ վատ է կազմակերպված:

«Իմաստ չունի։ Թուրքիայի կառավարությունը գիտակցում է, որ Առաջին աշխարհամարտի հետևանքով շատերն են տուժել՝ ունեցվածք կորցրել, սպանվել, տեղահանվել», - ասաց թուրք դիվանագետը։

Նա նաև հիշեցրեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանի անցյալ տարվա նամակի բովանդակությունը:

Հիշեցնենք՝ անցած տարի Թուրքիայի վարչապետը պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն հայտնեց այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Ռեջեփ Էրդողանը ձևակերպեց որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակեց իբրև «ընդհանուր ցավ»:

Հայաստանի դեսպանը միջամտեց՝ շեշտելով. - «Այն, ինչ հայերն էին փնտրում այդ նամակում, չգտան»։

Թուրք դեսպանը հակադարձեց նաև չեխ հայագետին։ «Դա տեղահանություն էր, մադա՛մ», - ասաց դեսպանը:

Ներկաները հիշեցրեցին Հրանտ Դինքի խոսքերը. - «Սա Ցեղասպանություն է, անգամ եթե դուք 1915 թվականին հայերին ոսկե ինքնաթիռներով տեղափոխած լինեիք: Դուք ժողովրդին կտրել եք իր արմատից»:

Թուրք դիվանագետը ստիպված եղավ խոստովանել, թե «դժվար տարիներ են եղել», բայց հավելեց․ - «Դա ցեղասպանություն չէր, հարգելի ներկաներ: Իմ կառավարությունն ասում է՝ խնդրեմ, եկեք բացենք արխիվները և ուսումնասիրենք պատմական փաստերը»։

Դահլիճից, սակայն, այսպես արձագանքեցին. - «Իսկ ո՞վ էր ձեզ խանգարում մինչ այդ բացել։ Դուք միայն ասում եք»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG