Մատչելիության հղումներ

Նալբանդյանը խորհրդանշական է համարում ԵԱՀԿ-ում իր ելույթը Ցեղասպանության 100-րդ տարելիցին


Լուսանկարը՝ Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարարը չորեքշաբթի օրը ծավալուն ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման մասին

Իր ելույթը Էդվարդ Նալբանդյանը սկսել է «ազգային օրակարգի այսօրվա կարևորագույն հարցից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումից»։

«Դեռևս 1915 թվականի մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ»։ Սա «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթի՝ միջազգային մակարդակով կիրառման առաջին դեպքերից էր, որը հանգեցրեց նրա ձևակերպմանը որպես միջազգային իրավական համակարգի անքակտելի հասկացություն։ Հայոց ցեղասպանության ժամանակակիցների համար իրապես կարող էր հրաշք թվալ, որ հայ ժողովուրդը կարողանալու է գոյատևել և վերականգնել իր պետականությունը։ Իրոք խորհրդանշական է 100-րդ տարելիցին ելույթ ունենալ ձեր առջև՝ որպես այս կազմակերպության 57 մասնակից պետություններից մեկի արտաքին գործերի նախարար», - ասել է Նալբանդյանը:

«Հանդիսանալով ցեղասպանության սարսափներով անցած ազգ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս առումով ամենաարդյունավետ միջոցներից է անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչումը։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, այդ համատեքստում նշելով ԵԱՀԿ-ի կարողությունը՝ քայլեր ձեռնարկելու այս հարցի առնչությամբ, քանզի «հավատարմությունը նրա սկզբունքներին և հանձնառություններին կարող է մեծապես նպաստել ցեղասպանության կանխարգելման ջանքերին»։

Անդրադառնալով Հայաստանի նախագահի կողմից իր թուրք գործընկերոջը ապրիլի 24-ին Երևանում ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը հրավիրելուն՝ Նալբանդյանն ասել է. - «Ես անձամբ փոխանցեցի հրավերը Նախագահ Էրդողանին Անկարայում։ Ցավալի է, որ մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի իշխանությունների համար»։

Խոսելով անցած տարվա սեպտեմբերին ահաբեկիչների կողմից Սիրիայի Դեյր Զոր քաղաքի՝ Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացման մասին՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ դա ցավալի և միաժամանակ խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալի և ներկա հանցագործությունների միջև։

«Վերջերս մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են ԻԼԻՊ-ի զինյալները ավերում Մոսուլի թանգարանի 2700-ամյա արձանները։ Քաղաքակրթության դեմ այս հանցագործությունը ահարկու հիշեցումն է նախկինում իրականացված նմանատիպ բարբարոսական գործողությունների, ինչպիսին էին՝ Բուդդայի Բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերը», - ասել է Նալբանդյանը։

Հայաստան - ԵԱՀԿ համագործակցության մասին

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ԵԱՀԿ-ի տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ շեշտելով այդ կառույցների ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում, ինչպես նաև` ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակին և վերջինի գործունեության առաջնահերթություններին:

«Հայաստանը արժևորում է ԵԱՀԿ-ն` և՛ որպես նորմերի ձևավորման, և՛ կիրառման կազմակերպություն: Մենք շարունակում ենք սերտ համագործակցել ԵԱՀԿ-ի կառույցների հետ, ներառյալ` Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ու ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի հետ: Վերջիններիս ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում դրական է ընդունվում մեր երկրում՝ հավասարապես թե՛ կառավարության և թե՛ քաղաքացիական հասարակության կողմից: Մարդկային հարթությունը ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի գործունեության առաջնահերթություններից է, որը ներկայումս կազմակերպության միակ լիարժեք գրասենյակն է Հարավային Կովկասում», - ասել է նախարարը՝ շարունակելով․ - «Հայաստանում դրական զարգացումներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, խոսքի, հավաքների, ազատ մամուլի և համացանցի ոլորտներում»։

Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մասին

Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին՝ Նալբանդյանն ասել է. - «Հաշվի առնելով տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները ԵԱՀԿ-ի տարածաշրջանում՝ թույլ տվեք ներկայացնել մեր համոզմունքն առ այն, որ ցուցաբերելով ավելի մեծ ստեղծագործական մոտեցում և հիմնվելով հնարավորությունների, այլ ոչ թե անհամատեղելիությունների վրա՝ մենք կարող ենք առավելագույնս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից և ձևավորել ներդաշնակության մթնոլորտ` խուսափելով նոր բաժանարար գծերից»:

«Ինչպես հայտնի է, Հայաստանը վերջերս միացավ Եվրասիական տնտեսական միությանը, ինչն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, մեր պետության համար ստեղծում է տնտեսական զարգացման նոր հնարավորություններ: Ներկայումս մենք աշխատում ենք մեր ԵՄ գործընկերների հետ՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը, որն արտահայտելու է մեր համագործակցության էությունը` հիմնված այն առաջընթացի վրա, որը մենք արձանագրել ենք: Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել համապարփակ համագործակցությունը, նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում», - վստահեցրել է արտգործնախարարը:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին

ԵԱՀԿ-ի օրակարգում կենտրոնական տեղ զբաղեցնող հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների առնչությամբ Նալբանդյանը հայտարարել է. - «Ակներև է, որ հակամարտությունները և ճգնաժամային իրավիճակները շարունակում են կենտրոնական տեղ զբաղեցնել ԵԱՀԿ-ի օրակարգում: Մասնավորապես, գերիշխում են ուկրաինական ճգնաժամի շուրջ քննարկումները: Հայաստանը ողջունել է Մինսկի գագաթնաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի կողմից համատեղ հռչակագրի ընդունումը, ինչպես նաև՝ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ Կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը»:

Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին՝ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «2014 թվականին՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնության ստորագրման 20-ամյակի տարում, Բաքուն լրջորեն սրեց իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական շրջանները, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար: Ադրբեջանը, գրեթե ամբողջապես վերահսկելով ԶԼՄ-ների գործունեությունը իր երկրում, թաքցնում է իր իսկ սադրանքների արդյունքում մարդկային կորուստների իրական թիվը»:

«Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարին և «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով ներթափանցումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Մենք ուրախ ենք, որ համանախագահները ի վերջո արձագանքեցին մեր կոչերին՝ հստակորեն մատնանշելով բռնության պատասխանատու կողմը: Այնուամենայնիվ, ոչինչ չի զսպում Ադրբեջանին: Եվ ոչ անգամ համանախագահ երկրների կոչերը՝ ձեռնպահ մնալու սադրիչ գործողություններից, հատկապես՝ կրոնական տոների նախօրեին և ընթացքում: Ադրբեջանը ակտիվացրեց իր հարձակումները Ամանորի և Սուրբ Ծննդի տոների ընթացքում՝ մարդկային զոհերի պատճառ հանդիսանալով», - շարունակել է Հայաստանի արտգործնախարարը:

«Փետրվարին՝ տարածաշրջան իրենց վերջին այցելության ընթացքում համանախագահները հայտարարեցին. - «Նախագահները համաձայնեցին դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը»: Սակայն, համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո Ադրբեջանը հրաժարվեց առաջարկներից և առավել սրեց իրավիճակը՝ ցուցադրելով իր աղաղակող արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ», - նշել է Նալբանդյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ շփման գծի միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության իրականացումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: «Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները», - ընդգծել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, «անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ի գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը», Էդվարդ Նալբանդյանն ասել է. - «Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ-ի հետ բոլոր հարթություններով համագործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով: Ձեզնից ոմանք ականատես են եղել, թե ինչպես Ադրբեջանը սպառնաց վետո դնել ԵԱՀԿ-ի ամբողջ բյուջեի վրա, եթե միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար որևէ ֆինանսավորում հատկացվի: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձել է կաթվածահար անել կազմակերպության աշխատանքները: Նույնը տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր Նախարարական խորհրդի նախապատրաստական փուլում, երբ Ադրբեջանը պատանդ է դարձնում մեր համատեղ որոշումները՝ փորձելով պարտադրել իր նեղ նպատակները: Նույն կերպ Ադրբեջանը, իջեցնելով Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի կարգավիճակը, միևնույն ժամանակ փորձեց խոչընդոտել հարևան երկրներում դաշտային առաքելությունների աշխատանքը: Վերջապես, Ադրբեջանը, զբաղվելով ինքնախաբեությամբ, Մշտական խորհրդի յուրաքանչյուր օրակարգ մտցնում է շինծու կետեր»:

«Ադրբեջանական սադրանքները արտահայտվել են նաև մշտական ագրեսիվ, ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Բազմաթիվ անգամներ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով և հայտարարել, թե Հայաստանը և իր հինավուրց մայրաքաղաքը ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանում այն լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները և մտավորականությունը, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, բոլորը հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ»: Ադրբեջանը պատժում է նրանց, ովքեր համարձակվում են մտածել հաշտեցման մասին, և խրախուսում նրանց, ովքեր հայերի հանդեպ հանցագործություններ են իրականացնում», - հայտարարելէ Հայաստանի արտգործնախարարը:

Նրա հավաստմամբ՝ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար․ - «Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների առաջարկների վրա»:

Նալբանդյանը շեշտել է, որ «բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով»: «Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»», - ասել է նա:

Լեռնային Ղարաբաղում առաջիկա ընտրությունների մասին

Առաջիկայում Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է. - «2015 թվականի մայիսի 3-ին Արցախի ժողովուրդը 6-րդ անգամ կիրականացնի Ազգային ժողովի պատգամավորներ ընտրելու իր ժողովրդավարական իրավունքը: Ժողովրդավարական գործընթացները Արցախում նպատակ չունեն ազդելու խաղաղ գործընթացի վրա կամ ինչ-որ կերպ նպաստելու միջազգային ճանաչմանը, ինչպես դարձյալ այստեղ՝ Մշտական խորհրդի հանդիպումներից մեկի ժամանակ, նշվել է որոշ մասնակից երկրների կողմից: Ժողովրդավարության կառուցումը` հիմնված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, պետք է միայն ողջունվի միջազգային հանրության այլ ժողովրդավարական անդամների կողմից»:

Հիշեցնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածը, որը սահմանում է՝ «յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական պատկանելությունից և համոզմունքներից…: Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից», Նալբանդյանը այս առումով նշել է, որ աշխարհում ազատության վերաբերյալ Freedom House-ի 2015 թվականի զեկույցի համաձայն, Լեռնային Ղարաբաղը շատ առաջ է Ադրբեջանից՝ հիմնարար ազատությունների առումով: «Այդ պատճառով էլ պատահական չէ, երբ Բաքուն քննադատում է Արցախում անցկացվող ընտրությունները` հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ներկայիս վիճակը: Այնուամենայնիվ, երբեմն մի քանի մասնակից երկրներ, մի կողմից հայտնելով իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, մյուս կողմից այնպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որոնք հակասում են խաղաղության գործընթացի ոգուն և բովանդակությանը: Համանախագահները հստակ նշում են, որ ընտրական գործընթացի միջոցով «Լեռնային Ղարաբաղը փորձում է ժողովրդավարորեն կազմակերպել իր բնակչության հանրային կյանքը»», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:

«Մենք կոչ ենք անում բոլոր մասնակից երկրներին՝ հետևելու համանախագահների ձևակերպումներին՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, այլև հիմնահարցի հետ կապված այլ հարցերում, քանի որ այս ձևաչափը միջազգայնորեն միակ մանդատ ունեցող մարմինն է հիմնահարցի կարգավորման գործում, և համանախագահների արտահայտություններից ցանկացած շեղում կարող է նշանակել կողմնակալ մոտեցում», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG