Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում Ցեղասպանության 100-րդ տարելիցի խոշոր միջոցառումներ կանցկացվեն


Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները Մայր Աթոռում Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ, Էջմիածին, սեպտեմբեր, 2013թ․

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները Մայր Աթոռում Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ, Էջմիածին, սեպտեմբեր, 2013թ․

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի սկզբին Վաշինգտոն են ժամանելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները:

Մայիսի 7-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մեկնարկում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք առաջնորդելու են Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի խոսքով, միջոցառումները Վաշինգտոնում շարունակվելու են երեք օր՝ սկսվելով մայիսի 7-ին Ազգային Մայր տաճարում էկումենիկ աղոթքով և ավարտվելով մայիսի 9-ին Անարատ Հղիության ազգային սրբավայր-դամբարանում Սուրբ Պատարագով, որն անցկացվելու է երկու կաթողիկոսների ներկայությամբ:

«Կարևորը՝ մայրաքաղաք Վաշինգտոնում ցույց տանք ամբողջ աշխարհին, որ մենք չենք մոռացել և շարունակելու ենք մեր պահանջները ներկայացնել», - ասում է Վիգեն արքեպիսկոպոսը:

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվում է Ամերիկայի հայ համայնքի, եկեղեցու և հայկական դեսպանատան կողմից ստեղծված հանձնաժողովը: Մայիսի սկզբին Վաշինգտոնում նախատեսված միջոցառումները, դեսպանի խոսքով, կարևոր դեր ունեն հայ - ամերիկյան հարաբերությունների համար:

«Վաշինգտոն են ժամանելու վեհափառ հայրերը և հանրապետության նախագահը, և դա լինելու է բավականին բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում», - նշում է դեսպանը:

Անդրադառնալով պաշտոնական Երևանի և Վաշինգտոնի հարաբերություններին՝ դիվանագետը դրանք բարձր գնահատեց, նշելով, որ ստորագրման համար նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր են նախապատրաստվում, որոնք կխթանեն երկկողմ տնտեսական համագործակցությունը:

«Մենք մեր քաղաքական գործընկերների հետ ունենք կարևորագույն համաձայնություն, այն է՝ հայ - ամերիկյան հարաբերությունների մակարդակը պետք է բարձրանա», - ասում է Տիգրան Սարգսյանը:

Քաղաքական հարաբերություններից բացի, հայկական կողմը ցանկանում է խորացնել հայ - ամերիկյան տնտեսական համագործակցությունը, որը կարող է կարևոր հիմք հանդիսանալ երկու երկրների միջև թե՛ քաղաքական և թե՛ մշակութային հետագա հարաբերությունների զարգացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG