Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուները հիմնականում մրցակից չունեն


Առաջիկա կիրակի քսանվեց համայնքում քաղաքապետ ու գյուղապետ կընտրեն։ Այս համայնքներից, սակայն, միայն երկու գյուղում՝ Սարակապում և Վարդաշենում է, որ իշխող կուսակցությունից բացի նաև ընդդիմադիր թեկնածուներ են մասնակցում։

Համայնքներից 16-ում էլ իշխող Հանրապետականի թեկնածուն ուղղակի մրցակից չունի։ Հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Փառանձեմ Կարապետյանի խոսքով՝ տարօրինակ է, որ մյուս կուսակցությունները տեղական ընտրություններին մասնակցելու ցանկություն չունեն։ Դա մեզ համար էլ է խնդիր ստեղծում, ասում է նա։

«Ապավինել այն բանին, որ մեկ է, ոնց էլ անենք, ընտրությունները կեղծվում են, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Հակառակը, ես ինքս շատ կուզեի, որ կուսակցությունները թեկնածուով ներկայացված լինեին Արմավիրի քաղաքապետի ընտրությանը և այս հանրային հսկողության շրջանակը շատ ավելի լայն լիներ։ Մեր կարգավիճակը այս պարագայում ամենավատն է, որովհետև մեզ նորից մեղադրելու են՝ մնացիք մենակ, ինչ ուզեցիք, արեցիք։ Մենք չենք ուզում մնալ մենակ այս ընտրություններում»,- ասաց Կարապետյանը։

Արմավիրի քաղաքապետի ընտրություններում նախապես 6 թեկնածու էր առաջադրվել, շաբաթներ անց, սակայն, բոլորը, բացի ներկայիս քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանից, ինքնաբացարկ են հայտնել։ Հանրապետականի տարածքային կառույցի ղեկավարը նշում է, որ ինքը տեղյակ չէ, թե թեկնածուներն ինչու են ընտրապայքարից հրաժարվել։

Ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները նշում էին, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցել են, սակայն գնահատել են իրենց հնարավորություններն ու հրաժարվել պայքարից։ «Ժառանգություն» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Մարգարյանն էլ ասում էր, որ համապատասխան թեկնածու չեն ունեցել։

«Արժանի կուսակցականներ ունենք, բայց գրանցման հետ կապված խնդրի պատճառով չեն կարող առաջարվել։ Ես ինքս առաջադրվել եմ ավագանու թեկնածու և ամենառավելագույն ձայներով անցել եմ։ Ուրիշ տեղերում էլ առաջադրվում ենք, հաղթում ենք, պայքարում ենք, պայքարը կա»,- ասաց Մարգարյանը։

Թեև ընտրություններին մի քանի օր է մնացել, սակայն, քաղաքում քվեարկության մասին որևէ բան չէր հուշում։ Պասիվ են նաև ընտրողները։ «Ակտիվ պահանջ» կազմակերպության անցկացրած հարցումների համաձայն՝ արմավիրցիները հիմնականում չեն ուզում մասնակցել առաջիկա քվեարկությանը, քանի որ վճռորոշ չեն համարում իրենց ձայնը անմրցակից ընտրություններում։ Մեկ այլ հասարակական կազմակերպության՝ «Քաղաքացիական զարթոնք»-ի ղեկավար Տիրայր Մուրադյանն էլ խոսում է քաղաքում առկա վախի մթնոլորտի մասին։

«Արմավիրում գրեթե բոլոր դպրոցի տնօրենները հանրապետականներ են, մնացած կառույցների ներկայացուցիչները էլի հանրապետականներ են։ Չեմ զարմանա, որ մամուլում հրապարակումներ լինել այն մասին, որ օրինակ, այսինչ դպրոցի տնօրենը հրավիրել է բոլոր ծնողներին և հրահանգել քվեարկել իրենց թեկնածուի օգտին»,- ասաց Մուրադյանը։

Արմավիրցիները ընտրություններին վերաբերող մեր հարցերին այսօր հիմնականում չէին ցանկանում պատասխանել, կամ նշում էին, որ քվեարկությունից որևէ դրական փոփոխություն չեն ակնկալում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG