Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստակամություն է հայտնում բանակցել աբխազական երկաթուղու հարցով


Աբխազական երկաթուղին, Օչամչիրա, արխիվ

Աբխազական երկաթուղին, Օչամչիրա, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Թբիլիսին և Սուխումին: Այս մասին չորեքշաբթի օրը Մոսկվայում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսական կողմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունն է շահագործում երկաթգծի աբխազական հատվածը, սկզբունքորեն պատրաստ է մասնակցել խորհրդակցություններին: Բայց հիմնական որոշումը պետք է կայացնեն այս գործընթացում անմիջականորեն ներգրավված կողմերը` Վրաստանն ու Աբխազիան», - ասաց Լավրովը:

Պատասխանելով վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության թղթակցի հարցին, նա նաև հասկացրեց` Մոսկվայում չեն մոռացել, որ աբխազական երկաթուղու վերագործարկմամբ հետաքրքրված հիմնական կողմերից մեկը Հայաստանն է:

«Հայաստանը հասկանալի պատճառներով դրանում մեծապես շահագրգիռ է: Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղոդակցության վերականգնմանը: Բայց դրա պայմանների մասին պետք է պայմանավորվեն նախ և առաջ Սուխումն ու Թբիլիսին», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարը:

Այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Մինչև ասուլիսի մեկնարկը Աբխազիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվում են համակարգված և համաձայնեցված արտաքին քաղաքականություն վարել:

Ի դեպ, երեկ Մոսկվայում պետք է ստորագրվեր նաև «Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը»: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները պետք է դնեին Վլադիմիր Պուտինն ու Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը: Վերջին պահին, սակայն, համաձայնագրի ստորագրումը չեղյալ հայտարարվեց: Տեղեկություններ կային, որ պատճառը Պուտինի մոտ ծագած առողջական խնդիրներն են: Օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահի խոսնակը հերքեց Վլադիմիր Պուտինի վատառողջության մասին լուրերը` այդպես էլ, սակայն, չբացատրելով, թե ինչու Կրեմլը որոշեց հետաձգել ռուս - հարավօսական պայմանագրի ստորագրումը:

XS
SM
MD
LG