Մատչելիության հղումներ

Հայաստանում անաչառ են համարում Նիլս Մուժնիեկսի զեկույցը


Նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Հայաստանում մարդու իրավունքների և արդարադատության համակարգի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի զեկույցը։ Փաստաթղթում անաչառ ու մանրակրկիտ վերլուծություն է արված, ասում է Արզումանյանը։

«Փաստորեն ի ցույց է դրվում, որ Հայաստանում չկա անկախ, անաչառ կամ արդունավետ դատական համակարգ։ Հստակ հանձնարարականներ, առաջարկներ կան, մեծ տեղ է հատկացվում անչափահասների հետ կապված հարցերին, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց նկատմամբ բռնություններին»,- ասաց Արզումանյանը։

Նիլս Մուժնիեկսն իր զեկույցում նշել էր, որ Հայաստանում արդարադատության համակարգի նկատմամբ վստահություն չկա: Հետևաբար, համակարգում պետք է բարձրացվի պրոֆեսիոնալիզմը և դատավորների անկախությունը, ինչն, ըստ եվրոպացի պաշտոնյայի, կարող է օգնել հաղթահարելու ընտրովի արդարադատությունը։ Չնայած այդ կոչերին՝ ընդդիմադիր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, իշխանությունները ձգտելու են երկարաձգել զեկույցում մատնանշված խնդիրների լուծումը։

«Այնուամենայնիվ, կան խաղի կանոններ, որոնք մենք ստանձնել ենք Եվրոպայի խորհրդին անդամակցելու պահից, և քայլ առ քայլ ինչ-որ փոփոխություններ արվում են։ Կարևոր հանգամանք է, վերահաստատել է Թոմաս Համերբերգի նախկինում արած հայտարարություն, որ անհրաժեշտ է մարտի մեկի տասը սպանությունների բացահայտումը, որպեսզի հասարակության մոտ վերականգնվի հավատը կամ գոնե վստահությունը դատական համակարգի նկատմամբ»,- ասաց պատգամավորը։

Ազգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ժխտում, որ դատաիրավական համակարգում լուրջ խնդիրներ կան, որոնց պատրաստվում են անդրադառնալ սահմանադրական փոփոխություններից հետո։

«Այդ բոլոր մտահոգությունները եղել են նաև մեզ մոտ»,- ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը։

Բաղդասարյանն այսօր նաև մի ուշագրավ կարծիք հայտնեց։ Նրա խոսքով, մեջբերում եմ՝ Հայաստանը պարտավոր չէ կատարել Եվրոպայի խորհրդի առաջ քաշած բոլոր պարտավորությունները.- «Որովհետև այդտեղ մենթալիտետի խնդիր կա, գենդերային հավասարության հետ կապված խնդիր ունենք, ադապտացվելու խնդիր կա, մեր ավանդապաշտ ժողովրդին այդքան հարիր չեն բոլոր այն պարամետրերը, որոնք առաջարկում է Եվրոպան։ Մենք չենք ժխտում եվրոպական արժեքները, և այն արժեքները, որոնք հարիր են մեր ժողովրդին, դրանք ընդունում ենք և շարժվում ենք դրանցով։ Իսկ նրանք, որոնք խորթ են և ընդունելի չեն, պետք է, բնականաբար, ժխտենք։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլոր այն պայմանները կամ առաջարկությունները պետք է ընդունենք»։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը անցած հոկտեմբերին ներկա է եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը և բարձրաձայնել է մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին։ Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ, դատաիրավական համակարգի բարեփոխումներն ավելի շատ ֆորմալ բնույթ են կրել։

«Ցավոք, բարեփոխումներ կամ բարելավված վիճակ չունենք, և ավելի շատ դրանք ձևական, կատարողական ցույց տալու միտում են հետապնդում, որպեսզի հնարավորություն ունենանք հաջորդ փուլը թևակոխելու»,- ասաց Հարությունյանը։

Հրապարակված փաստաթղթում հանձնակատարը անդրադառնում է նաև ոստիկանության կողմից խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին հայտարարություններին։Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հակադարձումէ, թե եվրոպացի օմբուդսեմնի նշած տեղեկությունները մեծ մասամբ չեն հիմնավորվում։

«Նման բոլոր տեղեկությունները դառնում են ուսումնասիրության, ծառայողական քննությունների առարկա։ Ծեծը, խոշտանգումը ոստիկանությունում վերացվել է։ Իհարկե, չեմ բացառում, որ հնարավոր է՝ գտնվի մեկը, որ կփորձի իր տգիտությունը ուժով դրսևորել։ Նման ծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասաց Ահարոնյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից փոխանցեցին, որ օմբուդսմենը զերծ է մնում եվրոպացի գործընկերոջ զեկույցը մեկնաբանելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG