Մատչելիության հղումներ

logo-print

Հայ ըմբշմարտիկները չեն ցանկանում մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին


Նախապես հայտարարվել էր, որ Բաքվի խաղերին Հայաստանը կմասնակցի 6 մարզաձևերում:

Որոշումը կայացվել է երեկ երեկոյան՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գործադիր կոմիտեի նիստում: Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն «Ազատության»-ը հայտնեց, որ որոշումը կայացվել է մարզական ֆեդերացիաների, հավաքականների մարզիչներին հետ քննարկումներից հետո:

«Հարցը քննարկվեց և քվեարկության որոշում կայացվեց, որ մասնակցելու են հայ մարզիկները, 6 մարզաձևերում իրենց ուժերն են չափելու մրցակիցների հետ», - ասաց Տոնոյանը:

Հայաստանը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձևերում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ասում է, որ հավաքականները տվել են մասնակցելու համաձայնություն, սակայն հիմնական հարցն այն է, թե ո՞ր մարզիկները կմեկնեն: Որոշումը մարզիկներն են կայացնելու, իսկ իրենց հավաքականում Բաքու մեկնել ցանկացողներ չկան։

«Ես կոնկրետ մեր ամբողջ հավաքականի անունից կարող եմ խոսել, երկու օր անընդմեջ մենք հավաքականում չակերտավոր հարցում ենք անցկացրել, մարզիկների 100 տոկոսը այս պահին, ես չգիտեմ, հետո մտափոխվողներ կարող են լինել, բայց այս պահին 100 տոկոսը ցանկություն չի հայտնել՝ մասնակցել այդ խաղերին», - ասաց ըմբշամարտիկը:

Ջուլֆալակյանը, ով 2007 թվականին Բաքվում մասնակցել է աշխարհի առաջնությանն, ասում է՝ սեփական փորձից գիտի՝ ինչ է նշանակում Բաքվում հանդես գալը․ անվտանգությունն ապահովված է լինելու խոսքով, հավասար պայմանների մասին կարելի է մոռանալ:

«Ինչքան ուզում է ասեն, որ հավասար պայմաններ կլինեն, խոսքով ասելն ուրիշ է, գործով՝ ուրիշ: Ես դա ոչ թե կարծում եմ, այլ տեսել եմ 2007 թվականին, տեսել եմ ամեն ինչը՝ սկսած իրենց ընդունելությունից, երբ գաղտնի ընդունեցին և ավտոբուսի վրա Թուրքիայի դրոշն էր խփած, իրենց ասելով, որ ոչ մի հարձակում չլինի ավտոբուսի վրա, մինչև տարան հյուրանոց, որը 2-3 կիլոմետր շառավղով շրջափակված էր, ոչ մի մեքենա չէր կարող մեր հյուրանոցին մոտենար: Ամբողջ ծովափը փակած էր ոստիկանությամբ՝ ամեն 15 մետրի վրա մեկ զինվոր էր կանգնած լիարժեք զինված: Երբ անձամբ հարցրի՝ ինչի համար է այդ զինվորը, ասացին, որ ծովից հարձակում չլինի: Դե պատկերացրեք, նշանակում է, որ վտանգը կա: Իսկ նման մթնոլորտում տրամադրվել, պատրաստվել, որ անպայման պետք է գնամ, հաղթեմ․․․ Ինչքանո՞վ է դա սպորտային, ինչքանո՞վ է քաղաքականությունից հեռու ․․․», - ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասում է, որ թեև գործադիր կոմիտեի նիստում երեկ ոչ ոք դեմ չի քվեարկել, դրան նախորդած քննարկումները բուռն են եղել: Գլխավոր հարցը եղել է ոչ այնքան անվտանգության երաշխիքը, որքան արդար մրցավարությունն ապահովելու հարցը: Ռոստոմյանն ասում է՝ բացի անվտանգության երաշխիքներ տալուց Միջազգային և Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահները վստահեցրել են՝ օբյեկտիվությունը կապահովվի:

«Երաշխիքները՝ և բանավոր, և գրավոր, շատ բարձր են, որ ամեն ինչ մաքսիմալ օբյեկտիվ կլինի», - ասաց Ռոստոմյանը:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն ասում է, թե գիտակցում են, որ շատ դժվար է լինելու Բաքվում, սակայն Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին չմասնակցելու դեպքում կորուստն ավելի մեծ էր լինելու, քան մասնակցելու:

«Մեր հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ էդ խաղերը պատկանում են Բաքվին, ուղղակի Բաքվում անցկացվում են: Իհարկե, ոչ մեկիս հաճելի չէ Բաքու գնալը, բայց մարզական, պետության հեղինակությունը շատ կարևոր է մեզ համար, և մենք՝ մարզիկներս պատրաստ ենք բարձր պահել․․․Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀԱՕԿ-ի և մարզաշխարհի, մեծ քայլ է անում հանուն օլիմպիական գաղափարների, որն իր մեջ ներառում է բարեկամություն, հանդուրժողականություն», - ընդգծեց Հրաչյա Ռոստոմյանը:

Հայ մարզիկներն էլ Բաքու մեկնելու են՝ այնտեղ հայոց եռագույնը բարձրացնելու համար․ - «Կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը» նշանաբանը այս անգամ չի գործելու: Մենք գնում ենք բարձր արդյունքներ արձանագրելու համար և բարձրացնենք մեր եռագույնը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում»:

Ի դեպ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է հունիսին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության որոշումը՝ հույս հայտնելով, որ Բաքուն ևս կողջունի հայերի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG