Մատչելիության հղումներ

Հայաստանը փորձում է օտարերկրյա ներդրումներ ներգրավել


ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվ

Վաշինգտոնում կազմակերպված կոնֆերանսում քննարկվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրները:

Ռուսաստանի տնտեսության անկումն իր բացասական հետևանքներն է թողնում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի վրա:

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո նոր տնտեսական իրավիճակում հայտնված Հայաստանը փորձում է արտերկրյա ներդրումներ ներգրավել:

Վաշինգտոնում Եվրոպական ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսի ընթացքում հայ պաշտոնյաները, ամերիկյան փորձագետները և հետխորհրդային պետությունների ներկայացուցիչները քննարկում էին Ռուսաստանի կողմից ստեղծված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրները:

Երկրի պաշտոնական ներկայացուցիչների հավաստմամբ՝ այդ անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում արտերկրյա ներդրողների համար:

«Հայաստանը կարող է դառնալ պլատֆորմ ներդրումների համար, և դրանք կլինեն ներդրումներ արդեն Հայաստանի միջոցով մեկ միասնական շուկայում, որը շուրջ 170-միլիոնանոց շուկա է», - նշում է Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ ամերիկյան վերլուծաբանների՝ Ռուսաստանում արևմտյան պատժամիջոցների և էներգակիրների գնի կտրուկ նվազման արդյունքում երկարատև տնտեսական անկում է սկսվել, որն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև Մոսկվայի հետ սերտ տնտեսական հարաբերություններ պահպանող երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է ապահովել Միացյալ Նահանգների և Եվրոպական միության անդամ պետությունների կողմից Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների ծավալի աճը:

Եվրոպական ինստիտուտի նախագահ Յոել Աթինգերի խոսքով՝ Արևմուտքը պատրաստ է նոր իրավիճակում Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել: «Թե՛ Եվրոպական միությունը և թե՛ Միացյալ Նահանգները լիարժեք գիտակցում են Հայաստանի ռազմավարական կարևորությունը և պատրաստակամ են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ», - ասում է Աթինգերը:

Հայաստանի պետական պաշտոնյաները նույնպես նման պատրաստակամություն են հայտնում:

«Այժմ մենք փորձում ենք վերսկսել երկխոսությունը, որպեսզի հասկանանք, թե ինչպես և որ ոլորտներում կարող ենք խորացնել Եվրոպական միության հետ հարաբերությունները», - նշում է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը:

Տիգրան Սարգսյանը հիշեցնում է, որ Հայաստանն ընդունել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական պատճառներով․ - «Առաջին խումբը տնտեսական շարժառիթներն են, որոնք խթանելու են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը: Երկրորդ խմբի պատճառները քաղաքական բովանդակության են»:

Հիշեցնենք, որ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը նշել էր, որ Վաշինգտոնը գիտակցում է Հայաստանի ներկայիս դրությունը և պատրաստ է խորացնել Երևանի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով բոլոր խնդիրները:

Ինչպես նշում են Հայաստանի պաշտոնյաները, սահմանակցելով չորս երկրների, որոնցից երկուսի սահմանները փակ են Հայաստանի համար, իսկ երրորդի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են կիրառվում՝ Հայաստանը հետագա զարգացման լայն հնարավորությունների ընտրություն չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG