Մատչելիության հղումներ

logo-print

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Եվրամիության դեսպանների հետ


Հայաստանում Եվրամիության պատվիրակության նախաձեռնությամբ ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանների հետ։

ՀՅԴ Մամուլի դիվանի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լեհաստանի Ռումինիայի, Իտալիայի, Հունաստանի, Չեխիայի և Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանորդները։

Հանդիպման հյուրընկալ, Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան խնդրել է ՀՅԴ ներկայացուցիչներին ներկայացնել ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումների առնչությամբ ՀՅԴ պատկերացումներն ու ծրագրերը։

Ըստ հաղորդագրության՝ Աղվան Վարդանյանը ներկայացրել է ՀՅԴ գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ ժամանակահատվածի առաջնահերթությունները, իսկ Արմեն Ռուստամյանը խոսել է սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ հայեցակարգի մասին՝ կարևորելով պառլամենտական կառավարման եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև Վենետիկի հանձնախմբի փորձագիտական եզրակացությունը մայր օրենքի առաջիկա մշակման փուլում։

«Եվրամիության մի շարք դեսպանների առանձնապես հետաքրքրում էր սոցիալական ու քաղաքական համախոհության այն մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ապահովել Սահմանադրության բարոյական լեգիտիմությունը, համոզչությունն ու նպաստել վերջինիս գործադրմանը»,- ասված է հաղորդագրությունում.- «Դեսպանների հետաքրքրության շրջանակում էին նաև ներքաղաքական վերջին դեպքերի համատեքստում ՀՅԴ ունեցած դերակատարությունն ու իշխանության հետ հետագա գործակցության ձևաչափին առնչվող հարցեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG