Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստանի» շարքերը շարունակում են նոսրանալ


«Բարգավաճ Հայաստանն» այսօր լքեց ևս մեկ պատգամավոր՝ կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանը։ Մինչդեռ մեկ շաբաթ առաջ արմավիրցի Աղաբաբյանն «Ազատության» հետ զրույցում հաստատակամ էր, որ չի լքելու ԲՀԿ-ն։

Դեռ մեկ ամիս առաջ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը 36 հոգանոց էր։ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը հաջորդած վերադասավորումներից հետո կուսակցությունը լքել է 13 պատգամավոր, խմբակցությունը միայն 3-ը՝ բացառապես միայն մեծամասնական ընտրատարածքներից ընտրվածները։ Մյուսները կուսակցությունից հեռանում, բայց մնում են խմբակցության անդամ՝ մեկ պարզ պատճառով. Վարդան Օսկանյանից բացի համամասնական ցուցակով ընտրված մյուս ԲՀԿ-ականները խմբակցությունից հեռանալով կզրկվեն նաև մանդատից։

ԲՀԿ մամուլի խոսնակն այսօր էլ չքննադատեց կուսակցությունից դուրս եկողներին.- «Մարդիկ ազատ են իրենց որոշումների մեջ։ Այլ դիմումներ և այլ նորություններ այս պահի դրությամբ ես չունեմ։ Բայց ոչինչ չեմ բացառում, տեսնենք այդ արտահոսքը ինչքան է շարունակվելու»,- սաց Վահան Բաբայանը։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ Հանրապետականին ձեռք չի տալիս, որ պատգամավորները լքեն ԲՀԿ-ն, բայց կան մարդիկ, որ իրենց խառնվածքով ընդդիմադիրներ չեն, ասում է։

«Ավելի ազնիվ եմ համարում, որ իրենք բացահայտվում են և ասում են՝ ոչ, մենք ընդդիմադիր չենք»,- ասաց Բաղդասարյանը։

ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների հետ խորհրդարանում հետագա համագործակցությունը չեն բացառում թե ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի ներկայացուցիչները։

«Եթե իրենք ցանկություն կունենան համագործակցելու, մենք պատրաստ ենք՝ կլինի անկախ պատգամավոր, կլինի խմբակցությունում հանդես եկող անկուսակցական պատգամավոր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ասաց.- «Չի բացառվում, որ կլինեն համագործակցության եզրեր նաև տարբեր քվեարկությունների շուրջ։ Ես ոչինչ չեմ բացառում և չեմ ուզում սև ու սպիտակի գիծ քաշել, որովհետև ամեն ինչ փոփոխական է և որևէ մեկը չգիտի, թե վաղը ինչ է լինելու»։

ԲՀԿ-ից հեռացած Արագած Ախոյանն ասաց՝ կաշկանդված չէ ընդունել ՀՀԿ-ի բոլոր առաջարկները, ոչ մեկին խոստում չի տվել, որ ամեն բերած նախագծին կողմ կքվեարկի։

«Ոչ մեկի հետ չպիտի աշխատեմ, ինքս պիտի աշխատեմ ինձ հետ, սատարելու եմ այն բոլոր նախագծերին, որոնք բխում են մեր բնակչության շահերից»,- ասաց Ախոյանը։

Բացակա դրվելու ճանապարհով էլ չի գնալու.- «Լինելով նատուրալ շինարար, արվեստագետ, չի լինելու ինչ-որ հակադարձող դիրքորոշում, լինելու է կառուցողական, ես իմ առաջարկները պնդելու եմ մինչև վերջ»։

Արդեն հինգ օր Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ գործող ԲՀԿ-ն չունի խորհրդարանական խմբակցության ղեկավար, նիստ չի անցկացրել։ Իսկ կուսակցության կենտրոնական գրասենյակ արդեն գտել են՝ Հանրապետության փողոցում, իշխող ՀՀԿ-ի գրասենյակից ոչ հեռու։ Երկհարկանի շինությունն այժմ վերանորոգվում է։ ԲՀԿ նախագահությունից Ծառուկյանի հեռանալու հաջորդ իսկ օրը կուսակցությունը դուրս եկավ նաև նրա ընտանիքին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG