Մատչելիության հղումներ

Երևանի թիվ 11 դպրոցում ստուգումներ են․ Անահիտ Բախշյանը խոսում է խախտումների մասին


Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը շաբաթներ առաջ կասկածելի էր համարել, որ Երևանի թիվ 11 դպրոցում պարգևավճարների նպատակով երկու տարվա ընթացքում ծախսված ընդհանուր առմամբ 13.7 մլն դրամի գումարը նպատակին է ծառայել:

Քաղաքապետի կարգադրությամբ, Անահիտ Բախշյանը միացել է քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության անդամներին՝ ստուգելու ահազանգի իսկությունը:

Վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանը, սակայն, այսօր դպրոցի բակում նկատելով «Ազատության» նկարահանող խմբին, աշխատակիցներին հրահանգեց դպրոց չմտնել: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը մեզ փոխանցեց, որ այս պարագայում Սիմոնյանն է որոշում՝ ստուգման գործընթացին լրագրողի ներկայության նպատակահարմարությունը: Գևորգյանը հավելեց, որ ստուգման արդյունքները մեզ կտրամադրեն գործընթացի ավարտից հետո միայն:

Մինչդեռ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով, եթե հարցը վերաբերում է մամուլով հայտարարված ապօրինություններին, ապա լրագրողի թիվ մեկ պարտականությունն է ներկա լինել ստուգման գործընթացին: Դոյդոյանն ընդգծեց՝ այս դեպքում խոչընդոտվել է լրագրողի գործունեությունը, իսկ պաշտոնյաները «նպատակահարմար համարելու» փոխարեն պետք է իրավական բացատրություն տային, թե ինչո՞ւ լրագրողը ներկա չպետք է գտնվեր:

«Խոչընդոտելով լրագրողի մուտքը լուսաբանմանը՝ բնականաբար խոչընդոտվել է նաև հանրությանը ինֆորմացիա տալու՝ լրագրողի պարտականության իրականացումը: Սահմանափակումները, բոլոր դեպքերում, իհարկե, պետք է տրվեն օրենքով», - նշեց նա:

Հիշեցնենք՝ Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ այս դպրոցում 2014 թվականի պարգևավճարների համար ծախսվել է 5 միլիոն դրամ: Այսօրվա ստուգման արդյունքում այդ թիվը աճել է՝ հասնելով 5.7 միլիոն դրամի: Իսկ 2015-ին պարգևատրումների համար նախատեսված 8 մլն դրամն էլ, պարզվում է՝ 2014-ին ծախսված գումարն է: Ըստ ավագանու անդամի՝ հավելավճար ստացածներից 6-ի անունը դպրոցի աշխատավարձ ստացողների ցանկում ընդհանրապես չկա։ Մի քանի ժամ փակ դռների հետևում անցկացված ստուգումների առաջին փուլի ավարտից հետո Բախշյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր արձանագրած խախտումները շատ էին, ու սպառիչ պատասխաններ դեռ չի ստացել:

«Վրիպել են հրամանները, որ նույն օրն են գրել՝ երկու տարբեր մարդկանց նույն հաստիքի վրա, որի իրավունքը չունեին: Վրիպել էր՝ մի ուսուցչուհու, որը ամուսնացել է, ազգանունը փոխել է, բայց պարգևատրել են նոր ազգանունով, իսկ տարիֆիկացիայի մեջ հին ազգանունն է», - ասում է Բախշյանը:

«Բարև Երևան» խմբակցության ղեկավարը վրդովված է, որ վերահսկողության վարչության անդամները սևով սպիտակին գրված օրենքը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու:

«Օրինակ՝ այնտեղ մարդիկ կան, որոնք հստակ իրավունք չունեն դասղեկ լինելու: Կոնկրետ բազմամասնագիտական թիմի պաշտոնեական նկարագրում գրված է իրենք ինչ պիտի անեն: Հիմա, ասում եմ, տեսեք՝ այստեղ գրված է 18 կետով, դասղեկի գործունեությունը սրանց մեջ չի մտնում: Ասում են՝ մենք այսպես ենք հասկանում», - պատմում է Բախշյանը:

Մեր նախորդ այցելության ընթացքում թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ասել էր, որ Բախշյանը հետապնդում է իրեն, այդ կարծիքին են նաև դպրոցի մյուս աշխատակիցները: Որպես ապացույց, տնօրենն ընթերցեց 70 աշխատակցի ստորագրությամբ Բախշյանին ուղղված մի նամակ, որն այսօր այդպես էլ չի փոխանցվել հասցեատիրոջը:

«Մեզ չխառնեք ձեր իմացած դպրոցներին, հատկապես՝ որտեղ լինում եք, դարձնում եք կոլեկտիվը հաշմանդամ: Ո՞վ է Ձեզ խնդրել, կամ դիմել մեր կոլեկտիվից, որպեսզի զբաղվեք մեր տնօրենի գործունեությամբ», - մասնավորապես, գրված էր նամակում:

Հիշեցնենք՝ տարիներ առաջ «Առավոտ» օրաթերթը տպագրել էր այս դպրոցի մի խումբ ուսուցիչների ստորագրությամբ բաց նամակ, որում, մասնավորապես, նշված էր․ - «Այցելեք Ծուռ հայելիների թագավորություն, Վախի կայսրություն, կամ պարզապես՝ թիվ 11 դպրոց՝ բացահայտելու, թե 21-րդ դարում ինչ պայմաններում են ուսուցիչները կերտում վաղվա քաղաքացուն: Դպրոցում վերջնականապես հաստատվել են ասիական-միապետական բարքեր, որտեղ գլխավոր գործոնը բնազդային վախն է, իսկ մարդկային որևէ այլ՝ նորմալ որակի դրսևորում դիտվում է որպես սրբապղծություն տիրուհու անձի նկատմամբ»:

XS
SM
MD
LG