Մատչելիության հղումներ

Սլովենիայի նախագահը ընդունել է Հայաստանի արտգործնախարարին


Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին է ընդունել Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը։

Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ երկու պաշտոնյաները անդրադարձել են քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներին, գործարար համաժողովների կազմակերպմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային, գիտակրթական բնագավառներում փոխգործակցության խորացման հնարավորություններին։

«Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Սլովենիայի նախագահը վերահաստատեց աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նալբանդյանը հանդիպել է նաև Սլովենիայի խորհրդարանի նախագահ Միլան Բրգլեժին, ում հետ քննարկել է միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սլովենիայի պատվիրակությունների միջեւ փոխգործակցությանը։

Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև Սլովենիայի կառավարության պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ։ Լենարչիչն ասել է, որ Սլովենիայի կառավարությունը պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Այցելության շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը առանձին հարցազրույցներ է տվել սլովենական հեղինակավոր «Delo» և «Dnevnik» թերթերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG