Մատչելիության հղումներ

logo-print

Գերակա շահ ճանաչված շենքերի բնակիչները հակընդդեմ հայց ներկայացրին կառուցապատողի դեմ


Բնակիչները համարում են, որ «Լոկալ Դիվելոփըրս»-ը իրենց բնակարանները իրական արժեքից մի քանի անգամ ցածր է գնահատել:

Հյուսիսային պողոտայի կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրս» ընկերությունը դատի է տվել պողոտայի հարևանությամբ գտնվող Տերյան 25 հասցեի և հարակից ևս 2 շենքերի բնակիչներին։ Ընկերությունը պահանջում է փոխհատուցման դիմաց երկամսյա ժամկետում ազատել բնակարանները, որոնք դեռևս 8 տարի առաջ Կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ են ճանաչվել: Կառավարությունը «Լոկալ Դիվելոփըրս»-ին նաև իրավունք է տվել քանդել շենքերը և այդ տարածքում նոր շինարարություն իրականացնել։

Ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը որպես հայցի հիմնավորում նշում է Կառավարության համապատասխան որոշումը․ - «Ես գիտեմ, որ օրենք կա, օրենքի հիման վրա Կառավարության որոշում է ընդունվել, Կառավարության որոշմանը համահունչ իրականացվում է կառուցապատման ծրագիր»:

Քանդման ենթակա շենքերի բնակիչներն այսօր «Գերակա շահը չի նշանակում թալան», «Ոչ քանդելուն» և նման այլ կարգախոսներով պաստառներով էին եկել դատարան։

«Սա պետության կողմից, որոշ չինովնիկների կողմից հովանավորվող ռեկետ է: Բազմաթիվ անգամ թե նախագահը, թե քաղաքապետերը ասել են, որ ոչ թե քաղաքացին պետք է լինի քաղաքի համար, այլ հակառակը՝ քաղաքը պետք է ծառայի քաղաքացու շահերին», - ասաց բնակիչներից Վարդան Գերավետյանը:

Բնակիչներն իրենց հերթին այսօր հակընդդեմ հայց ներկայացրին։ Նրանք համարում են, որ «Լոկալ Դիվելոփըրս» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը խախտել է իրենց սեփականության իրավունքն, ու դատարանից պահանջում են դադարեցնել ընկերության գործողությունները։ Մինչև հիմա բնակիչներին հայտնի չէ, թե հանրային գերական շահ ճանաչված տարածքում ինչ է կառուցվելու: Ընկերության փաստաբանն էլ այդ մասին տեղյակ չէ։

«Ինձ չեն տեղեկացրել, որովհետև դա ինձ չի հետաքրքրել: Դա ընկերության գաղտնիքն է», - ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Բնակիչները, մինչդեռ, արդեն 8 տարի պայքարի ու դատական քաշքշուկների մեջ են և չեն համաձայնում կառուցապատողի պայմաններին։

«Մեր շենքերը սեյսմակայուն են, 90 սանտիմետր պատերը լայնք ունեն, բարձրությունը՝ 3.20, հրաշալի օդափոխությամբ, երկու կողմանի լուսավորությամբ, պալատի նման բնակարաններ են», - ասաց մեկ այլ բնակիչ:

Տասնամյակներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում բնակվող այս մարդիկ ասում են, որ չեն համաձայնել նաև կառուցապատողի գումարային առաջարկին։ Նշում են, որ իրենց բնակարանները չափազանց ցածր են գնահատվել, չնայած անգամ բարձր առաջարկին չէին համաձայնի։

«Նորակառույցները Հյուսիսային պողոտայում սկսվում է նախնական գինը 4-5 հազար դոլարից [խմբ․ քառակուսի մետրը], իսկ մեզ վճարում է 750-800 դոլար»:

«Այդ գումարով մեր շենքի տեղը մի սենյակ չես կարող ունենալ»:

Բնակիչներն ասում են, որ միայն մի դեպքում կազատեն իրենց բնակարանները. եթե հին շենքերի փոխարեն իրենց համար նոր շենք կառուցվի նույն տարածքում։

Այսօր դատավորը հետաձգեց դատական նիստը՝ ուսումնասիրելու բնակիչների հակընդդեմ հայցը։

XS
SM
MD
LG