Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ Վերաքննիչ դատարանը մերժեց Ադրբեջանի երկու քաղաքացիների բողոքը


Լեռնային Ղարաբաղի Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Ադրբեջանի երկու քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի դատավճիռը:

«Սույն որոշումը հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով Արցախի Հանրապետության Գերագույն դատարանում», - հայտարարեց նիստը նախագահող դատավոր Նորայր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին Ստեփանակերտում առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, դիվերսիայի և սպանության համար։

Գուլիևի պաշտպան Արկադի Իսրաելյանը լրագրողներին հետ զրույցում ասաց, թե Վերաքննիչ դատարանից «մեղմ» որոշում էր ակնկալում, և որ իր պաշտպանյալը կայացված որոշումից դժգոհ է:

«Մոտակա օրերին նրա հետ հանդիպման ժամանակ կքննարկենք մեր հետագա քայլերը: Բողոքարկելով առաջին ատյանը՝ այսուհետ մեր առջև ևս կա մի հարց՝ քննարկել, թե բողոքարկո՞ւմ ենք մենք արդյոք վերաքննիչ դատարանի որոշումը», - նշեց դատապաշտպանը:

Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը ևս հայտնեց, թե իր պաշտպանյալը դժգոհ է կայացված դատավճռից:

«Խնդրել է ինձ ներկայանամ իր մոտ, տեսակցեմ նրան, որից հետո արդեն կորոշենք վճռաբեկության կարգով արդյոք դիմելո՞ւ ենք Գերագույն դատարանին, թե՞ ոչ», - ասաց Բեգլարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG