Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետին


Լուսանկարը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության։

Լուսանկարը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության։

Երեկ Լյուբլյանա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարլ Էրյավեցին:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը Նալբանդյանն ասել է, որ իր այցի հիմնական ուղերձն է՝ խորացնել տարբեր ոլորտներում գործակցությունը Սլովենիայի հետ։

Կողմերը պայմանավորվել են հավելյալ ջանքեր գործադրել՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում գործակցության սերտացման, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով: Զրուցակիցները նաև համաձայնել են երկու երկրների խորհրդարաններին առաջարկել ձևավորել պատգամավորական բարեկամության խմբեր:

Արտգործնախարարներն անդրադարձել են նաև Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հիմնվելով ԵՄ-ի հետ վերջին տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա՝ խորացնելու ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, «հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում»։

Նալբանդյանը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների՝ ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում, Սլովենիայի փոխվարչապետը վերահաստատել է իր երկրի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան գործընթացների և Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը հրավիրել է Երևան:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայատանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Լյուբլյանայի համալսարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG