Մատչելիության հղումներ

Երիտասարդ ակտիվիստին բերման են ենթարկել, ապա ազատ արձակել


Երիտասարդ ակտիվիստին բերման են ենթարկել, ապա ազատ արձակել
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Այսօր առավոտյան իր բնակարանից ոստիկանություն բերման է ենթարկվել «Վճարում ենք 100 դրամ», «Դ!եմ եմ», ընդդեմ Մաքսային միության և այլ քաղաքացիական շարժումներում իր մասնակցությամբ հայտնի ակտիվիստ Արսեն Օհանյանը, ապա 3 ժամից ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Երիտասարդի ակտիվիստ ընկերները շտապեցին ֆեյսբուքյան գրառումներով հանդես գալ՝ նշելով, թե չի բացառվում, որ Արսենին բերման են ենթարկել իր քաղաքացիական ակտիվության համար։

Արդեն ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Արսեն Օհանյանը պատմեց.- «Երկու հոգի եկան առավոտ ժամը 8-ին, ներկայացան, ասացին, որ մի տասը օր առաջ եսիմ որտեղ ինչ-որ ծեծ է եղել, մեկի քիթն են ջարդել... միանգամից մտածեցի, որ սա քաղաքական պատվեր է»։

Ոստիկանության բաժնում Օհանյանին հայտնում են, որ իրականում իրեն բերման են ենթարկել Ռուսաստանում հարուցված քրեական գործի շրջանակում ու կասկածում են գողության մեջ։

Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ Օհանյանի նկատմամբ Ռուսաստանում կա գողության հոդվածով հարուցված քրեական գործ, նա Ռուսաստանում հետախուզվում է նոյեմբերի 25-ից։ Ավելացրին, որ ռուսական կողմը ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզում է հայտարարել միայն փետրվարի 25-ին, ինչից հետո իրենք գտել են Արսեն Օհանյանին։

Ամռանը Կրասնոդարի երկրամաս աշխատելու մեկնած երիտասարդը պատմեց, որ այնտեղ փողոցում չինական պլանշետ է գնել, ապա պլանշետը պայուսակում մտել է սուպերմարկետ գնումների, որտեղ էլ անվտանգության աշխատակիցները ինչ-որ պատճառաբանությամբ խնդրել են բացել պայուսակը, հետո էլ ասել, թե Օհանյանի գնած պլանշետը գողացված է իրենց մեգամարկետից։

«Իրենք ոստիկանություն կանչեցին, ոստիկանությունը եկավ, արձանագրություն կազմեց, որ իբր կասկածվում եմ գողության մեջ։ Ինձ չէին հավատում, չէին լսում միգուցե որ հայ եմ դրա համար, էնտեղ կովկասցիներին այնքան էլ լավ չեն վերաբերվում։ Տարան բաժին, երեք օր պահեցին, որից հետո ինձ պետք է տանեին քննիչի մոտ, որ բացատրություն տամ։ Բայց երեք օր հետո ինձ բաց թողեցին»,- պատմեց Օհանյանը։

Ապա երիտասարդը վերադառնում է Երևան և արդեն չէր էլ հիշում Ռուսաստանում տեղի ունեցածի մասին, մինչև այսօրվա առավոտը, երբ նրան բերման ենթարկեցին.- «Բայց էս պահին ավելի շատ հակված եմ նրան, որ քաղաքական ենթատեքստ չկա։ Հետագայում, եթե այս ամենը օգտագործվի իմ դեմ, արդեն պարզ կլինի, որ սա քաղաքական պատվեր էր։ Եթե չէ, ուրեմն՝ չէ»։

Արսենի Օհանյանի ընկեր, ակտիվիստ Վահագն Մինասյանը, ում դեմ հարուցված ավելի քան 15 վարչական գործ կա, ասում է՝ այս պատմության մեջ տարօրինակ հանգամանք կա. ինչու՞ են հոկտեմբերին տեղի ունեցածի համար միայն հիմա հետախուզում հայտարարել Օհանյանի նկատմամբ։

«Եթե նոյեմբերին Ռուսաստանում Արսենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նա փետրվարին տրանզիտով, այսինքն Մոսկվայով մեկնել է Անգլիա և առանց խոչընդոտի»,- ասում է Մինասյանը։

Բացի այդ Մինասյանը մտավախություն ունի, որ Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարող է հետագայում օգտագործվել նրա դեմ՝ տարբեր ակցիաներից հետ պահելու համար։

«Վստահ եմ, որ որպես լծակ օգտագործվելու է Արսենի հետագա գործունեության դեմ, այսինքն գործը գուցե կարող է կարճվի կամ հերքվի, կամ էլ առկախ մնա, և դա փորձեն անընդհատ օգտագործել Արսեն դեմ, որպեսզի զերծ պահեն մասսայական միջոցառումներից, ընդվզումներից»,- կարծում է Մինասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG