Մատչելիության հղումներ

Նեմցովի դաշնակիցը կասկածի տակ է առնում սպանության՝ իսլամիստական վարկածը


Զաուր Դադաևը դատարանում, 8-ը մարտի, 2015թ.

Զաուր Դադաևը դատարանում, 8-ը մարտի, 2015թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, փետրվարի վերջին սպանված Բորիս Նեմցովի դաշնակից Իլյա Յաշինը Թվիթերի իր միկրոբլոգում թերահավատություն է հայտնել Նեմցովի սպանության մեջ մեղադրվող մի շարք անձանց կալանավորման վերաբերյալ:

«Քննիչների անհեթեթ վարկածը Նեմցովի սպանության իսլամիստական շարժառիթների մասին Կրեմլի համար շատ հարմար տարբերակ է և Պուտինին կրակի գծից դուրս է բերում», - գրել է Յաշինը ու հավելել․ - «Ամեն ինչ բարդվելու է ձգանը քաշած մարդու վրա, մինչդեռ նրանք, ովքեր իրականում պատվիրել են Նեմցովի սպանությունը, ազատ կմնան»:

Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց՝ Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին։ Որոշումը հրապարակելիս դատավորը ասել է, որ Դադաևի մեղքը ապացուցվում է ինքնախոստովանական ցուցմունքով:

Չեչնիայի առաջնորդ, Կրեմլի աջակցությունը վայելող Ռամզան Կադիրովը «Ինստագրամի» իր էջում գրել է, որ ճանաչում է Դադաևին որպես «խորապես հավատացյալ մարդու», ով վրդովվել էր, երբ «Շառլի Էբդո» երգիծական պարբերականը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսկ Նեմցովը աջակցություն էր հայտնել ֆրանսիական թերթին:

Նեմցովի սպանության գործով ևս երեք կասկածյալ կալանքի տակ է վերցվել մինչև մայիսի սկիզբը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեմցովի սպանության գործով ևս մեկ կասկածյալ ինքն իրեն պայթեցրել է նռնակով, երբ ոստիկանները փորձել են բռնել նրան։

Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին՝ Մոսկվայի կենտրոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG