Մատչելիության հղումներ

Նարինե Նիկողոսյանը «բացարձակ սուտ» է որակում պնդումները, թե հրաժարվել է իր երեխայից


35-ամյա կինը պնդում է, որ իր նորածին որդուն 2 տարի առաջ առևանգել են:

Դեպքից 6 ամիս հետո նա դիմել է ոստիկանություն, քննիչը կարճել է այդ փաստով հարուցված քրգործը՝ բավարար հիմքերի բացակայության պատճառաբանությամբ: Քննիչի այդ որոշումը վերացնելու պահանջով Նարինե Նիկողոսյանը դիմել է դատարան:

Օրերս կայացած դատական առաջին նիստի ժամանակ հայցվորն ու նրա փաստաբանը հետևյալը պատմեցին․ ամուսնու մահից հետո Նարինեն աշխատել և բնակվել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, կապեր է հաստատել մի տղամարդու հետ, հղիացել ու հղիության արհեստական ընդհատման նպատակով դիմել բժիշկ Հրաչյա Կալուստյանին: Սակայն հիվանդանոցում Նարինեն հրաժարվել է աբորտի մտքից, ինչը նրա բժիշկը խրախուսել է: Բժիշկ Կալուստյանը, Նարինեի պնդմամբ, ասել է, թե կան մարդիկ, ովքեր պատրաստ են խնամել երեխային:

Նարինեն պատմեց, թե այն ժամանակ որոշել է, որ կծննդաբերի, սակայն երեխային ոչ ոքի չի հանձնի: Այդուհանդերձ համաձայնել է տեղափոխվել բժիշկ Կալուստյանի ծանոթներից մեկի բնակարան և հղիության ողջ ընթացքում բնակվել այնտեղ:

Նարինեն դատարանում հայտարարեց, որ ծննդաբերելուց մի քանի օր անց, բժշկի օժանդակությամբ, հենց իրեն բնակարան տրամադրած էդիսոն Ատյանն էլ գողացել է իր երեխային:

Դատավորը հարցին, թե ինչո՞ւ է Ատյանը հղիության ողջ ընթացքում հոգացել նրա ծախսերը, Նարինեն պատասխանեց, թե կարծում էր՝ ուղղակի ցանկացել է օգնել:

«Ինչ-որ լեզվատակին բան ունեք, որ չեք ուզում ասել, պարզ ասեք՝ ինչ գործարք եք կնքել էն ժամանակ, թող իրավապահ մարմինները զբաղվեն», - ասաց դատավոր Լևոն Ավետիսյանը

«Գործարքը իրենք են կնքել՝ Էդիսոն Ատյանը, Յուրան և Հրաչ Կալուստյանը», - պատասխանեց Նարինե Նիկողոսյանը:

Էդիսոն Ատյանը դատարանում հայտարարեց, որ երեխայի հայրն ինքն է:

«Ինձ ասաց, որ հղի է ու երեխայի հայրը ես եմ, հետո աբորտի համար գումար պահանջեց», - դատարանում պատմեց Ատյանն ու հավելեց, որ Նարինեն հենց հիվանդանոցում իրեն սպառնացել է, թե պատրաստվում է երեխային մանկատուն հանձնել ու հրաժարվել է անգամ կրծքով կերակրել: Այդ պատճառով էլ վերցրել է երեխային:

«Մտնում եմ իրա մոտ, ասում եմ՝ Նարինե, խի՞ չես կերակրում երեխային, ասում է՝ ես հրաժարվում եմ երեխուց, տալիս եմ մանկատուն», - ասաց Էդիսոն Ատյանը:

Նարինեն Ատյանի այս բացատրությանը տեղից հակադարձեց՝ «բացարձակ սուտ է»:

Նիստից հետո «Ազատության» հետ զրույցում կինն ասաց, որ Ատյանի հետ ծանոթացել է, երբ 6 ամսական հղի է եղել: Կինը պատմում է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Էդիսոնի ու վերջինիս բարեկամուհու հետ մեքենա է նստել: Քիչ անց բժիշկ Հրաչ Կալուստյանի հետ նոտարական գրասենյակում երեխային վերաբերող փաստաթղթեր ստորագրելու պատրվակով Էդիսոնն իրեն իջեցրել է մեքենայից, ինչից հետո երեխային տարել են անհայտ ուղղությամբ:

«Բժիշկը ճանապարհին ասել է, որ պարտադիր մի փաստաթուղթ կա, որ պիտի ստորագրես: Չեմ կարդացել, նոտարն է կարդացել․․․ Որ հորը հանձնում եմ խնամքն ու դաստիարակությունը: Եթե իրական հայրը լիներ, իրավունքները անպայման կկիսեի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նարինե Նիկողոսյանը:

Ներկայումս արտերկրում գործուղման մեջ գտնվող բժիշկ Հրաչ Կալուստյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ վերադառնալուց հետո իրեն զրպարտելու համար դատի է տալու Նարինեին: Նաև հավելեց, որ ո՛չ Նարինեին է հղի վիճակում տեսել, ո՛չ էլ նորածին երեխային: Բայց հաստատեց, որ ընկերոջը՝ Ատյանին, Նարինեն առաջին անգամ հանդիպել է իր աշխատասենյակում:

«Նարինեն եկավ լաց լինելով, որ ամուսինը մահացել է, ամուսնու տղերքը իրեն դուրս են հանել, ինքը փողոցում է մնացել, քույրը իրեն չի ընդունում, մայրը չի ընդունում: Էդիսոնն էլ ասեց՝ ես Աբովյանում մի հատ տուն ունեմ, ուզում ես՝ գնա, մի քանի օրով էնտեղ մնա ժամանակավորապես, մինչև հարցերդ լուծես: Ու տենց էլ իրար հետ գնացին էնտեղ: Դրանից քանի ամիս հետո եկավ ասեց, որ ես հղի եմ Էդիսոնից», - պատմեց բժիշկը:

«Մահճակալը, խաղալիքներն ու իրերը սպասում են երեխային», - ասում է Նարինեն՝ դժվարությամբ զսպելով հուզմունքը․ - «Ինձ համար շատ դժվար է»:

Նարինե Նիկողոսյանը, դատարանում հայտարարելով երեխայի կենսաբանական հոր անունը և ազգանունը, պահանջեց, որ իր ձևակերպմամբ՝ որդուն առևանգած Ատյանը ԴՆԹ անալիզ հանձնի: Մինչդեռ Ատյանը հրաժարվում է ու պնդում, որ անգամ եթե հանձնի այդ անալիզը՝ ցանկացած պատասխանի դեպքում չի պատրաստվում երեխային հանձնել մորը:

«Ես գիշեր-ցերեկ չեմ քնում, երեխա եմ պահում, զրոյից, ինչքան հիվանդանոցների մոտ կանգնեմ, լացեմ, էդքանից հետո ես ո՞նց տամ», - ասաց Էդիսոն Ատյանը:

Դատը հետաձգվեց մինչև մարտի 20-ը:

XS
SM
MD
LG