Մատչելիության հղումներ

logo-print

Շիրակի մարզում երեք օրում երեք դի ու յոթ վիրավոր կա


Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր դեպքերի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց:

Շիրակի մարզում 3 օրվա ընթացքում իրար հաջորդած դեպքերի հետևանքով 3 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել:

Միայն մարտի 7-ի գիշերը ժամը 23։00 -ի սահմաններում Գյումրիի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 6 անձ, հրազենային և սուր կտրող-ծակող գործիքներից ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:

Հրազենային վնասվածքներ ստացածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանց տեղափոխել են Երևան, «Ազատության»-ը փոխանցեց Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

«Երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության, վիճակները կայուն է, ստանում են համապատասխան բուժօգնություն։ Խոսել եմ նաև Երևան. մեկ հիվանդը, որն ուներ ուսահոդի շրջանի խնդիրներ, տեղափոխվելու է բաժանմունք, իսկ երկուսը գտնվում են դեռ վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում», - ասաց Խաչատրյանը։

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի, 258-րդ հոդվածի 4-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն իսկ պարզված է, որ առնվազն մի կողմից հայր և որդիներ են մասնակցել վիճաբանությանը, իսկ, թե մյուս կողմից կոնկրետ Գագիկ Ղուկասյանի հետ ո՞վքեր են վիճաբանությանը մասնակցել, և նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ գործողություն է կատարել, իհարկե, նաև քննության առարկա է դարձվել այդ հանգամանքը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ասլանյանը։

Շիրակի մարզի դատախազը նաև տեղեկացրեց, որ դեպքի վայրի զննություն է կատարվել, որի արդյուքնում հայտնաբերվել են 9 միլիմետր, 5.45 միլիմետր տրամաչափի, ինչպես նաև որսորդական հրազենի պարկուճներ, ու հավելեց, որ դեպքի վայրում եղել են ավտոմեքենաներ, մահակներ։

«Այս պահի դրությամբ ձերբակալվածի կամ կասկածյալի, կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան», - ասաց Ասլանյանը։

Գյումրիում լուրեր են շրաջանռվում, որ նույն օրը առավոտյան Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ձորում, մեքենայի մեջ հրազենային վնասվածքից մահացած Քրիստ Վարդանյանի հետ է կապված երեկոյան հնաչած կրակոցները. վերջինս քրեական հեղինակություն էր:

Րաֆֆի Ասլայանն ասաց, որ այս կրակոցների կապի մասին տվյալներ քրեական գործով չկան. - «Սակայն օպերատիվ տվյալներ կան այն մասին, որ Քրիստ Վարդանյանի և Սամվել Հակոբյանի սպանությունները կապված են միմյանց հետ, սակայն նշված օպերատիվ ինֆորմացիան դեռևս իրացման կարիք ունի քրեական գործի նախաքննության շրջանակներում։ Այս պահի դրությամբ դեռևս նշված հանգամանքի վերաբերյալ հետևություններ չենք կարող անել»։

Երեկ առավոտյան Քեթի գյուղի մատուռի մոտ հայտնաբերվեց «Մոստիկ» մականունով Սամվել Մկրտչյանի դին։ Մկրտչյանն, ըստ տեղեկությունների, կապ է ունեցել քրեական հեղինակություն ունեցող, նախօրեին մեքենայի մեջ հայտնաբերված Քրիստ Վարդանյանի հետ:

«Քրեական գործի նախքննության շրջանակներում արդեն իսկ կան որոշակի տվյալներ, որ երկու անձինք ունեցել են մտերմություն, և Քրիստ Վարդանյանի դիակի հայտնաբերմանը նախորդող օրը միասին են եղել։ Այս պահի դրությամբ, ընդամենն ունենք որոշակի տվյալներ այդ մասով, մնացած հանգամանքներն, արդեն նշեցի, նախաքննական մարմինը կպարզի համապատասխան քննչական գործողությունների արդյունքում», - ասաց Շիրակի մարզի դատախազը։

Երեկ առավոտյան հայտնաբերվեց նաև Ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին՝ կախված վիճակում: Վերջինս անհետ կորել ու որոնվում էր դեռ փետրվարի 21-ից:

«Առաջին հայացքից, մարմնական վնասվածքներին բնորոշ և հատկապես մինչ մահը մարմնական վնասվածքներին բնորոշ հետքեր զննությամբ չեն հայտնաբերվել դիակի վրա», - ասաց Ասլանյանը։

Այսօր ևս մեկ անձ սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG