Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Ղրիմը «վերադարձնելու» մասին ֆիլմ կցուցադրվի


Ֆիլմը, հավանաբար, կցուցադրվի մարտի 18-ին, քանի որ անցած տարի հենց այդ օրը Ղրիմը բռնակցվեց Ռուսաստանին:

Երեկ ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերությունը մի տեսանյութ է ցուցադրել, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմում է, որ 2014-ի փետրվարի 23-ի գիշերը մինչև առավոտ խորհրդակցություն էր անցկացրել Պաշտպանության նախարարության և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ և այդ խորհրդակցության ժամանակ պաշտոնյաների առջև խնդիր էր դրել ամեն գնով փրկել Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի կյանքը:

Բացի այդ, այդ նույն խորհրդակցության ժամանակ, Պուտինի իսկ փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ստիպված են սկսել «Ղրիմի վերադարձը» հատուկ օպերացիան: Թե հատկապես ինչպես է դա տեղի ունեցել, երեկվա տեսանյութում չէր նշվում:

Սա Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին ֆիլմի գովազդային տեսանյութն էր, իսկ ֆիլմը, հավանաբար, կցուցադրեն մարտի 18-ին, քանի որ անցած տարի այդ օրը Ղրիմը միացել, կամ ինչպես Ռուսաստանում են ասում՝ «վերադարձվել է» Ռուսաստանին:

Ի դեպ, Ղրիմի խորհրդարանի պատգամավորները Պետդումային առաջարկել են մարտի 18-ը Ռուսաստանում հայտարարել համազգային տոն: Պետդումայի սոցիալական հարցերով հանձնաժողովի ղեկավար Օլգա Բատալինան, իր հերթին, հայտարարել է, որ Դումայի պատգամավորները պատրաստ են քննարկել այդ հարցը:

Հիշեցնենք, որ Ղրիմի բռնակցմանը հաջորդեցին Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները, որոնց արդյունքում Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամ սկսվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG