Մատչելիության հղումներ

logo-print

Չորրորդ կարգի վթարային շենքի հիմնական քարերը թափվում են


Բնակիչները ստիպված են փլուզվող շենքում ապրել ևս առնվազն 7ամիս:

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Բաղրամյան փողոցում, վթարային բնակելի շենքի հիմնական քարերն արդեն թափվում են՝ վտանգելով ոչ միայն բնակիչների, այլև անցորդների կյանքը: Մի քանի օր առաջ Բաղրամյան 4-րդ նրբանցքի 15-րդ շենքի բնակիչ Գոհար Հակոբյանի տան պատից մի հսկայական քար է ընկել ուղիղ հարևանի բակ, որտեղ բարեբախտաբար այդ պահին մարդ չի եղել:

Մեր տեսախցիկը ևս արձանագրեց, որ հիմնական պատը փլուզման եզրին է: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները, ըստ վթարային շենքի բնակիչների, գիտեն այդ մասին, եկել են, տեսել, բայց որևէ քայլ չեն ձեռնարկել:

«Որ ԱԻՆ-ը եկավ, կարող էր չէ՞ տեխնիկա բերեր, որ էս մի քանի քարի հարցը լուծվեր, որ գոնե մի քանի օր է թե մի քանի ամիս է՝ մենք հանգիստ սպասենք», - ասաց Գոհար Հակոբյանը:

Տասնյակ տարիներ առաջ դեռ շենքը Երևանի քաղաքապետարանը ճանաչել է չորրորդ կարգի վթարային: Մայրաքաղաքում ևս 8 շենք այսօր այս կարգավիճակում է, 90-նն էլ երրորդ կարգի վթարային են:

«Ազատության» հետ զրույցում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասաց, որ աշխատում են խնդիրը լուծելու համար:

«Չորրորդ աստիճանի վթարային շենքերի մասով հայտարարվել էր, որ մենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ գույքագրված բոլոր շենքերի խնդիրը 2015 թվականին կլուծենք, բայց դա չի նշանակում , որ դրանից հետո մենք չենք ունենա շենքեր, որովհետև երրորդ աստիճանի շենքերը յուրաքանչյուր րոպե կարող են դառնալ չորրորդ աստիճանի: Լավ ամրացման դեպքում էլ այդ շենքերը չեն դառնա 9-բալլանոց սեյսմակայունության շենքեր», - ասաց փոխքաղաքապետը:

Պետբյուջեից հատկացված ավելի քան 5.5 միլիարդ դրամով քաղաքապետարանը չորս բազմաբնակարան շենք է կառուցում՝ ծայրահեղ վիճակում գտնվող շենքերի 450 բնակիչներին կացարանով ապահովելու համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր այս հարցը լուծել մինչև 2015-ի հոկտեմբերը: Փաստորեն, ևս առնվազն 7 ամիս բնակիչները պետք է ապրեն փլուզվող շենքում:

Փոխքաղաքապետ Նիկոյանը հորդորում է մի քիչ էլ սպասել․ - «Մենք դեպքեր երբևէ չենք ունեցել, որ որևէ անձի վերաբնակեցրել ենք, մնացել է անտուն»:

Այդուհանդերձ, տարիներ շարունակ քանդվող տներում ապրող մարդիկ մտահոգվելու տեղիք ունեն: Չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչ Գոհար Հակոբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նոր շենք տեղափոխվելու վերաբերյալ մինչև օրս որևէ գրավոր փաստաթուղթ նրանց չի տրամադրվել․ - «Գրավորը սկի մարդ չի կարողանում տիրություն անի, ուր մնաց, թե էդ բանավոր խոսքը»:

XS
SM
MD
LG