Մատչելիության հղումներ

logo-print

Նեմցովի գործով մեղադրվում է Չեչնիայի ոստիկանության էլիտար ջոկատի հրամանատարը


Զաուր Դադաևը դատարանում, 8-ը մարտի, 2015թ.

Զաուր Դադաևը դատարանում, 8-ը մարտի, 2015թ.

Ընդդիմադիր գործչի սպանության մեջ մեղադրվող երկրորդ անձը մեղադրանքը չի ընդունում:

Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող և մեղադրվող անձինք, ըստ ռուսաստանյան իրավապահների, կովկասյան ծագում ունեն: Նեմցովի համախոհների խոսքով՝ ամենևին էլ անակնկալ չէ, որ Պուտինի վարչակազմը Նեմցովի սպանությունն այսպիսով տեղափոխում է կրոնական ու ազգայնական հարթություն:

Այս վարկածը սպանության առաջին իսկ րոպեներից շրջանառվում էր Կրեմլին հարող լրատվամիջոցներում:

Մոսկովյան Բասմանի շրջանի դատարանը կալանքի տակ վերցրեց հինգ հոգու, ովքեր կասկածվում են ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում:

Դատարանը հինգ հոգուց երկուսին՝ Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին մեղադրանք է առաջադրել: Որոշումը հրապարակելիս դատավորն ասել է, որ Դադաևի մեղքն ապացուցվում է ինքնախոստովանական ցուցմունքով, Գուբաշևն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Պարզվում է, որ Պուտինի վարչակազմի ընդդիմախոսի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անմիջական վերահսկողության տակ գտնվող չեչենական ոստիկանության «Հյուսիս» էլիտար ջոկատի հրամանատարն է, հինգ տարի առաջ արժանացել է պետական պարգև՝ Արիության մեդալի: 2010 թվականի հոկտեմբերի 19-ին Չեչնիայի կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում ասված է․ - «Ռուսաստանի նախագահի հրամանագրով Զաուր Դադաևին պարգևատրել Արիության մեդալով՝ քաջության և անձնազոհության համար»:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ Անզոր Գուբաշևը և Զաուր Դադաևը համարվում են Բորիս Նեմցովի սպանության կազմակերպիչներն ու անմիջական կատարողները:

«Ազատության» ռուսական ծառայությունը փոխանցում է, որ Զաուր Դադաևը երեկ դատարանի դահլիճում բավական հանգիստ էր, անգամ ժպտում էր: Սպանության մեջ մեղադրվող չեչենական ուժային կառույցի առաջատար դեմքերից մեկի՝ դատարանում արտաբերած միակ նախադասությունը հետևյալն էր․ - «Ես սիրում եմ Մուհամեդ մարգարեին»:

Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Նեմցովի սպանությունից անմիջապես հետո հայտարարել էր, թե կասկած չկա, որ սպանության հետևում կանգնած են Արևմուտքի հատուկ ծառայությունները, որոնք մտադիր են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում: Նույն Կադիրովը 4 տարի առաջ էլ հրապարակայնորեն կոչ էր արել ձերբակալել Նեմցովին՝ մատնանշելով նրա դերը 2010 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններում:

Ի պատասխան՝ Նեմցովը Կադիրովին անվանել էր հոգեպես ծանր հիվանդ մարդ, որը շտապ բուժօգնության կարիք ունի: Ռուս ընդդիմադիր գործիչը նաև անցյալ տարի մայիսին դիմել էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պետին պաշտոնական խնդրանքով՝ ստուգել տեղեկությունները, համաձայն որոնց՝ Չեչնիայի անվտանգության ծառայության աշխատակիցները ուղարկվել են Ուկրաինային արևելք՝ կռվելու ռուս անջատականների կողմից:

XS
SM
MD
LG