Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիի զինված միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով


ՀՀ քննչական կոմիտեի շենքը

ՀՀ քննչական կոմիտեի շենքը

Մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով:

Մասնավորապես, նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

2015 թվականի մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բազմաթիվ վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Կնյազ Սմբատի Ղազարյանը, Գագիկ Սմբատի Ղազարյանը, Գագիկ Գառնիկի Ղազարյանը, Վլադիմիր Ալբերտի Հակոբյանը, Սմբատ Կնյազի Ղազարյանը և Համլետ Վարդգեսի Գևորգյանը:

Համաձայն հաղորդագրության՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ, փայտե մահակներ, կայանված վնասված մեքենաներ:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ- որոնողական միջոցառումներ` զինված միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ բոլոր մասնակիցների ինքնությունն ու շարժառիթը պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, կրակոցները հնչել էին Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG