Մատչելիության հղումներ

Մարտի 8-ին Հայաստանը աշխարհի բազմաթիվ այլ երկրների հետ նշում է Կանանց տոնը։

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.- «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մեր երկրում պետական քաղաքականության և հասարակական հարաբերությունների զարգացման շնորհիվ հետևողականորեն ընդլայնվում են կանանց հնարավորությունները: Մենք բարձրացնում ենք կանանց ընդգրկվածության աստիճանը մեր պետական, քաղաքական, տնտեսական կյանքի բոլոր ասպարեզներում: Իրականում դա անում եք դու՛ք, սիրելի՛ կանայք՝ արձանագրելով հաջողություններ մասնագիտական ամենատարբեր ոլորտներում, դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն և մեծ եռանդ:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երջանկություն: Թո՛ղ ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ իշխեն սերն ու ջերմությունը, և թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված»:

Կանանց տոնի առթիվ շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը.- «Անփոխարինելի է կանանց դերը ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում` լինելով ու մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը մեր կյանքում: Հավասար հնարավորությունների մեր դարում անուրանալի է նաև կանանց դերն ու բերած ավանդը գիտության, կրթության, տնտեսության և հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառներում` նպաստելով մեր հասարակության բարօրությանն ու զարգացմանը»,- ասված է կաթողիկոսի ուղերձում։

«Սիրելի մայրեր, քույրեր ու դուստրեր, Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ խնամքի ներքո հարստացնեք մեր կյանքը` լցնելով այն ձեր բարի գործերով, սիրով, հոգատարությամբ ու առաքինի օրինակով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` «առաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից»: Թող Ամենակալն Աստված շնորհազարդի ձեզ հոգևոր առաքինություններով և պարգևի ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու անսպառ ուրախություն` ձեր ընտանիքների, զավակների ու սիրելիների հետ»,- ասել է Գարեգին երկրորդը։

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նաև երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG