Մատչելիության հղումներ

Սաքունց. Ռուսական կողմը խախտել է երկկողմ պայմանագիրը


Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով բողոքի ակցիա Գյումրիում, 12-ը հունվարի, 2015թ.

Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով բողոքի ակցիա Գյումրիում, 12-ը հունվարի, 2015թ.

Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցի համոզմամբ՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության պետ Վյաչեսլավ Բիրյուկովի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուսական կողմը խախտել է երկկողմ պայմանագիրը՝ Պերմյակովին չփոխանցելով Հայաստանի իրավապահներին։

Գեներալ-մայոր Բիրյուկովը երեկ սահմանափակ թվով լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր.- «Ձերբակալման ժամանակ Պերմյակովը չի կատարել «կանգ առ» հրամանը, շարունակել է առաջ շարժվել։ Հնչել է նախազգուշացնող կրակոց։ Պարզվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմաբազայի դասալիք զինծառայող է, և ձերբակալումից հետո, ընդունված որոշման համաձայն, նրան հանձնել են 102-րդ բազային՝ որպես դասալիք»։

Արթուր Սաքունցը հակադարձում է՝ ռուսական կողմը կարող էր քրեական գործ հարուցել միայն դասալքության փաստով։ Իսկ սպանության և հայ-թուրքական սահմանը խախտելու մասով քրեական գործ հարուցելու իրավասությունը հայկական կողմինն է։

Իրավապաշտպան Սաքունցը նաև ընդգծում է, որ ռուսական ռազմաբազայից պարտավոր էին դասալքության մասին անմիջապես տեղեկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին։

«Իրենք թաքցրել են Պերմյակովի դասալքության փաստը։ Սա հիմք է նաև, որ հայկական կողմը քրեական գործ հարուցի ռուսական բազայի ղեկավարության նկամտմամբ, որ նրանք հանցագործություն կատարած անձի վերաբերյալ տվյալները ժամանակին չեն փոխանցել, կոծկել, որի հետևանքով հնարավոր չի եղել կանխել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը»,- ասաց Սաքունցը։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության պետ Վյաչեսլավ Բիրյուկովը երեկ նաև ասել էր, թե Պերմյակովը խոստովանել է, որ կատարել է առանձնապես վտանգավոր հանցագործություն։

«Իհարկե, սա դժբախտություն է, ցավակցում եմ տեղի ունեցածի համար, բայց ինձ հաճելի է նշել, որ իմ ենթակաները ձերբակալել են վտանգավոր հանցագործի, չեն վախեցել։ Նրանք չգիտեին՝ զինված է նա, թե՝ ոչ։ Նրանք կատարել են իրենց առաջադրանքը՝ պատվով և արժանապատվությամբ։ Ես հպարտանում եմ այդպիսի ենթականերով, որոնք չեն վախենում, այլ հստակ կատարում են իրենց գործը։ Իսկ սրանից հետո թող արդարադատությունը պարզի և համապատասխան գնահատական տա»,- ասել է Բիրյուկովը։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Սաքունցն էլ է պնդում, որ կատարվածին պետք է գնահատական տրվի, բայց հայաստանյան իրավապահների կողմից և հայաստանյան դատարանում։ Այս հարցով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ Մոսկվա ուղարկված նամակից մինչ օրս որևէ արձագանք չկա։ Հայտնի է սակայն, որ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին ի պատասխան ռուսական կողմը բացառել է Պեմյակովին հանձնելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ նա պաշտպանված է Ռուսաստանի սահմանադրությամբ։

«Այլևս հույս ունենալ, որ Հայաստանի իրավապահ մարմինները ինչ-որ գործողություններ կկատարեն, շատ դժվար է, որովհետև դեպքից անցել է մոտ երկու ամիս, և ոչինչ չեն անում գոնե սխալները ուղղելու համար»,- ասաց իրավապաշտպանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG