Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդը» կմասնակցի Ղարաբաղի ԱԺ ընտրություններին


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը

Լեռնային Ղարաբաղում գործող ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը այսօր հայտարարեց, թե մասնակցելու է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս պահին բանակցություններ են ընթանում ընդդիմադիր գործիչներին համախմբելու, նրանց ևս կուսակցության ցուցակում ներառելու կամ անկախ թեկնածուներին սատարելու համար:

«Տարբեր անձանց հետ բանակցությունները գնում են, ես չեմ փորձի կոնկրետ անուններ տալ, բայց ասեմ, որ նրանք հանրությանը հայտնի դեմքեր են, մտավորականներ են, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ են, նախկին զինվորականներ են, որոնք պատերազմին և հետագայում բանակաշինության հարցերում մեծ նպաստ են բերել երկրին»,- ասաց Խանումյանը:

«Նրանք հանրության տարբեր հատվածների ներկայացուցիչներ են, որոնք հարգանք ունեն թե՛ համապետական մասշտաբով, թե՛ լոկալ, եթե խոսքը մեծամասնական թեկնածուների մասին է»,- ընդգծեց կուսակցության ղեկավարը։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմադիր կուսակցությունները դաշինքով հանդես գան առաջիկա ընտրություններում, Խանումյանը պատասխանեց, թե այս պահին նման տրամադրվածություն չկա, սակայն իրենք բաց են հասարակության մեջ հեղինակություն ունեցող ու արժանավոր մարդկանց հետ համագործակցելու համար:

«Քաղաքագիտական լեզվով ասած՝ մենք մերիտոկրատիայի կողմնակից ենք, այսինքն՝ արժանիների իշխանության, մարդկանց դատում ենք ըստ իրենց արժանիքների, ունակությունների ու կարողությունների, մարդկանց, ովքեր անելիք ունեն քաղաքական դաշտում և կարող են նպաստ բերել քաղաքական համակարգի զարգացմանը Արցախում, քաղաքական համակարգի որակների բարձրացման»,- ասաց Խանումյանը։

Խանումյանի կարծիքով՝ երկրում խնդիրների գլխավոր պատճառը քաղաքական մենաշնորհն է, ընտրություններին մասնակցելով՝ նպատակ ունեն կուլիսներում կայացվող որոշումները հրապարակային դարձնել։ Ասում է՝ խորհրդարանը պետք է դառնա իրական քաղաքական հարթակ, որտեղ տարբեր կարևոր հարցեր կարող են քննարկվել:

«Քաղաքական մենաշնորհը վերածվել է տնտեսական մենաշնորհի, դարձել է մի երկիր, որտեղ իշխանության է եկել օլիգարխիան, և որտեղ պետական բյուջեն տարատեսակ ձևերով պտտվում է օլիգարխների, բիզնեսների շրջանում ու գնում մի քանի հոգու գրպանը: Սրանք լուրջ խնդիրներ են, մենք ուզում ենք մեծացնել խորհրդարանի վերահսկողական ֆունկցիան, մենք ուզում ենք մեծացնել խորհրդարանի ներկայացուցչական ֆունկցիան և տարբեր ընտրատարածքներ, համայքներ և այլն լրջորեն ներկայացված կլինեն և լրջորեն կխոսվի իրենց խնդիրների մասին»,- ասաց նա։

Խոսելով իրենց ռեսուրսների սահմանափակ լինելու մասին, կուսակցության ղեկավարը նկատեց, որ Ղարաբաղի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ փոքր ռեսուրսներով հնարավոր է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:

«Հայաստանի Հանրապետությունում մի քիչ այլ է, հասարակությունը մի քիչ այլ վերաբերմունք ունի քաղաքականությանը, ավելի շատ նյութականացված է, այստեղ քիչ նյութականացված է այդ ամեն ինչը, և հնարավոր է հանրային տրասնպորտով, որը այստեղ հատկապես շրջանների առումով այդքան էլ լավ չի աշխատում, վարել ամենօրյա կուսակցական գործունեություն մինիմալ ծախսերով: Այսօր նույնպես մենք կուսակցական կառույցներին և կուսակցության գործադիր մարմնին կոչ ենք արել ուժեղացնել ռեսուրսներ գտնելու ջանքերը, այն, ինչ թույլատրվում է օրենքով։ Իսկ կարծում եմ որ բավականին շատ բան է թույլատրվում և հնարավոր է համապատասխան գումարներ գտնել ակտիվ քարոզարշավի համար»,- ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարը։

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել նաև «Ազատ հայրենիք» կուսակցության 5-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Իր ելույթում անդրադառնալով մայիսին Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Հարությունյանը նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը, «լինելով ԼՂ առաջատար քաղաքական ուժը, ամենայն պատասխանատվությամբ քայլում է դեպի խորհրդարանական հերթական ընտրություններ»:

«Հանրապետության կառավարման համակարգը կայացման այնպիսի մի հանգրվանում է, որ պետք է արժեվորենք նախընթաց ձեռքբերումները՝ միաժամանակ վերանայելով կառավարման գործող սկզբունքները, եթե, իրոք, կամենում ենք խորքային մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը: Իսկ այդ սկզբունքների փոփոխությունը, իմ համոզմամբ, հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով»,- ասել է Լեռնային Ղարաբաղի վարչապետը։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն ունի 33 պատգամավոր, որից 17-ն ընտրվում է համամասնական, 16-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ 2010 թվականին ընտրված խորհրդարանում գործում են 3 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիքը», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»։ Գործում է նաև անկախ պատգամավորների «Արցախատուն» խումբը։ ԼՂ խորհրդարանում ընդդիմություն չկա։

Արա Հարությունյան, Ստեփանակերտ

XS
SM
MD
LG