Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Բաքվի Նասիմի շրջանային դատարանը երկարաձգել է հետաքննող լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը մինչև մայիսի 24-ը։

Համաձայն Ադրբեջանի դատախազության՝ կալանքի ժամկետի երկարաձգումը անհրաժեշտ է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության դեմ ներկայացված մեղադրանքների հետ կապված հետաքննությունն անցկացնելու համար։ Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ ադրբեջանական ծառայությունը 2008 թվականից ապօրինի է գործել։

Հիշեցնենք, փետրվարի 13-ին Իսմայիլովային մեղադրանք էր առաջադրվել խոշոր չափերի գումարների յուրացման, ապօրինի ձեռներեցությամբ զբաղվելու, հարկերից խուսափելու հատկանիշներով։ Լրագրողը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է 2014-ի դեկտեմբերի 5-ին: Ձերբակալելիս նրան մեղադրել էին «Ազատության» և Meydan TV հեռուստաընկերության նախկին թղթակից Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու մեջ:

Մարտի 6-ի դատական նիստի ընթացքում Իսմայիլովան կարողացել է մոտ 30 րոպե խոսել՝ իրեն ներկայացված մեղադրանքները համարելով շինծու և պնդելով, որ ոչ մի կապ չունի դրանց հետ։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեիչը հայտարարել է.- ««Ազատության» և Խադիջայի դեմ ներկայացված հայցերը իրականության հետ կապ չունեն։ Ադրբեջանցիները հորինում են դրանք։ Մենք պետական գերատեսչությունների հետ հուշագիր ունենք, որով ճանաչվում է հեռարձակման մեր իրավունքը, ունենք հարկային փաստաթղթերը և ադրբեջանական պետական աուդիտի եզրակացությունները, այն ամենը, ինչ պահանջվել է։ Այս բոլոր մեղադրանքները պետք է հանվեն և Խադիջան պետք է անմիջապես ազատ արձակվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG