Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան․ Պայքարից հետ կանգնելը Ծառուկյանի իրավունքն էր


Գագիկ Ծառուկյան - Սերժ Սարգսյան հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չի տեսել «Բարգավաճ Հայաստանի» արդեն նախկին առաջնորդին, բայց վստահ է՝ քաղաքականությունից հեռանալու նրա որոշումը երկրում տիրող ապօրինի վիճակի մասին է վկայում:

«Այդ հայտարարությունը արտացոլանք է մեր հանրապետությունում տիրող ապօրինի, ոչ լեգիտիմ իրավիճակի, որը եթե իր լուծումը չգտնի, Նեմցովի օրինակով պիտի արդեն ահաբեկչության տեսք ստանա», - այսօր Ազատության հրապարակում համակիրների հետ հերթական հանդիպման ժամանակ ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ղեկավարը գնահատեց՝ պայքարից հետ կանգնելը Ծառուկյանի իրավունքն էր: Հովհաննիսյանն իշխանություններին դիմեց՝ եթե պատժում եք քաղաքական գործունեության համար, ստուգեք բոլորին․ - «Ձեզանից սկսեք, հենց ձեզանից՝ գործող փաստացի նախագահից, եղբորից, ընտանիքից, և հետո բոլորիս վրա, մինչև ինձ, խնդրեմ: Բայց ո՛չ սելեկտիվ, ո՛չ ընտրովի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը միաժամանակ արձագանքեց երկու հայտարարությունների՝ հնչած իշխանական և ընդդիմադիր ճամբարներից․ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտիմեկյան հանրահավաքում պնդել էր, թե իր գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է միակ ընդդիմությունը, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ երեկ վերահաստատել էր՝ առաջիկա տասը տարիներին պաշտոն ստանալ հնարավոր է միայն Մելիք Ադամյան փողոցով անցնելով․ - «Այդ երկու հայտարարությունների միջև ես չեմ ուզում նմանություններ փնտրել, բայց ակնհայտ է, որ «Ժառանգությունը» առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է և ով իրեն համարում է միակը՝ հիմա, թե 10 տարի անց, մարտին, թե ապրիլին, ինքը չարաչար սխալվում է: Եվ այդ ինքնասիրահարվածությունից պետք է դուրս գանք»:

Թող ոչ մեկը «Ժառանգությանը» խաղից դուրս չհամարի, հորդորեց կուսակցության առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը չասաց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կոդավորած տեքստում իրեն գտե՞լ է, թե ոչ, իրեն վերագրո՞ւմ է արդյոք Պուտինի հրաժարականի մասին առաջին նախագահի հեգնանքը․ - «Եթե ամեն մեկը կարծում է, որ ինքն է փրկիչը, այդ փրկիչները թող գան միասին հրապարակ ստեղծեն: Իմ լեքսիկոնի, մեր եզրաբանության մեջ չկա ուրիշի նսեմացնելու, ակնարկներ, նամյոկներ անելու»:

Այսօր դարձյալ չշրջանցվեց Գյումրիում Ավետիսյանների սպանության թեման․ Պերմյակովը հրեշ է ու վերադասների հետ պիտի հանձնվի Հայաստանին, հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը․ - «Եթե մեր ռազմավարական գործընկերը չի հարգում մեր տարածքային ամբողջականությունը, մեր Սահմանադրությունը, մեր իրավունքը, թող դուրս գան Հայաստանի տարածքից: Թե չէ մեր անվտանգության խնդիրները այսպես չենք լուծելու՝ թշնամուն զենք վաճառելով, մեր քաղաքացիներին սպանելով»:

Այս գործով Գևորգ Կոստանյանին դատի տված Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց՝ մինչև օրս չգիտենք ինչ է գրել գլխավոր դատախազը ռուսական կողմին և արդյո՞ք նրան պատասխանել են:

«Պերմյակովի գործով մենք այսօր հարաբերվում ենք Ռուսաստանի Դաշնության հետ որպես ստորադաս և վերադասի», - ասաց նա:

Ազատության հրապարակ «Ժառանգությունը» կվերադառնա երկու շաբաթից՝ մարտի 20-ին՝ մինչ այդ դարձյալ այցելելով Վանաձոր և Գյումրի:

XS
SM
MD
LG