Մատչելիության հղումներ

Ազատ է արձակվել Ալեքսեյ Նավալնին


Հավաքների կազմակերպման և անցկացման կարգը խախտելու համար դատարանը Նավալնիին մեղավոր էր ճանաչել և երկու շաբաթով կալանավորել։

15-օրյա կալանքից հետո, այսօր Ռուսաստանում ազատ է արձակվել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին։ Ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր փետրվարի կեսերին՝ Մոսկվայի մետրոյում մարտի 1-ին նախատեսված չարտոնված երթի վերաբերյալ թռուցիկներ բաժանելիս։ Հետագայում դատարանը, հավաքների կազմակերպման և անցկացման կարգը խախտելու համար Նավալնիին մեղավոր էր ճանաչել և երկշաբաթյա կալանքի որոշում կայացրել։

Նախատեսված երթը, սակայն, տեղի չունեցավ Նավալնիի համախոհ Բորիս Նեմցովի սպանության պատճառով։

Այսօր կալանավայրից ազատ արձակվելուց հետո, ընդդիմադիր առաջնորդը հայտարարել է. - «Բորիս Նեմցովի սպանությունը վախի մթնոլորտ չի առաջացրել ընդդիմության շարքերում։ Պայքարը շարունակվում է»։

«Մեր գործունեությունը չի փոխվելու։ Մենք հետ չենք կանգնելու դրանից, ու այդ իմաստով, այն ահաբեկչությունը, որը տեղի ունեցավ, նա իր նպատակին չի հասել, և ես վստահ եմ, որ այն չի վախեցնի ոչ մեկին՝ այն չի վախեցրել ո՛չ ինձ, և ո՛չ էլ իմ համախոհներին», - ասել է Նավալնին։

Մարտի 2-ին Նավալնին դիմել էր Մոսկվայի դատարան՝ Նեմցովի թաղման արարողությանը մասնակցելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Ի զարմանս Նավալնիի փաստաբանի, դատարանը մերժել էր միջնորդությունը՝ պատճաբանելով, թե Նեմցովի և Նավալնիի մտերմիկ հարաբերությունները փաստող տեղեկանք չկա։

Ավելի ուշ, իր բլոգում Նավալնին, անդրադառնալով իր ընկերոջ՝ Բորիս Նեմցովի սպանության դեպքին, գրել էր. - «Բորիս Նեմցովը սպանվել է կա՛մ Կառավարության հատուկ ծառայությունների, կա՛մ կառավարամետ ուժի կողմից՝ երկրի քաղաքական ղեկավարության՝ ներառյալ Վլադիմիր Պուտինի հրահանգով»։

Կրեմլի ընդդիմախոսի անունը վերջին տարիներին հաճախ է հայտնվում դատարանի որոշումների մեջ. տարեվերջին Մոսկվայի դատարանը խարդախությամբ դրամական միջոցներ հափշտակելու մեղադրանքով՝ Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց 3.5 տարվա պայմանական ազատազրկման և տուգանեց կես միլիոն ռուբլով։

Ի դեպ, ըստ ամերիկյան հեղինակավոր The Times պարբերականի, Նավալնին համացանցում ամենաազդեցիկ 30 անձանցից մեկն է. ամսագիրը օրերս ներկայացրել է համացանցում ամենաազդեցիկ մարդկանց 30 հոգանոց ցուցակը, որում եղել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունը։ 38-ամյա ռուսաստանցի բլոգերը, ըստ ամերիկյան պարբերականի, համացանցում նվիրյալ երկրպագուների հսկա բանակ է ձեռք բերել շնորհիվ Պուտինի վարչակազմի կոռուպցիոն գործարքները գաղտնազերծող նյութերի։

The Times-ն առանձնացրել է նաև Նավալնիի ամենահայտնի գրառումը, որում բլոգերը բացահատում է, որ Կրեմլը ռուսաստանցի յուրաքանչյուր անչափահասից 1100 ռուբլի է գողացել նավթափոխադրում իրանացնող «Տրանսնեֆտ» ընկերության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG