Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապաշտպանին «նուրբ գրկած» հարկադիր կատարողները չեն պատժվի


Մարինա Պողոսյանը պնդում է, որ մեկ տարի առաջ, երբ փորձել է իր տարածքից վտարվող տարեց կնոջ շահերը պաշտպանել, բռնության է ենթարկվել ԴԱՀԿ աշխատակիցների կողմից։

Դատարանը այսօր մերժեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի բողոքը, որով նա պահանջում էր վերսկսել մեկ տարի առաջ կարճված քրեական գործի քննությունը և պատասխանատվության ենթարկել իր դեմ բռնություն գործադրած դատական ակտերի հարկադիր կատարողներին։

Իրավապաշտպանը պնդում է, որ հարկադիր կատաողները մեկ տարի առաջ ուժի գործադրմամբ սեփական տարածքից վտարել են տարեց մի կնոջ, և երբ ինքը փորձել է կնոջ շահերը պաշտպանել, բռնության զոհ է դարձել։ Դատավորը մերժեց բողոքը, թեև դատախազ Արթուր Երիցյանն ընդունել էր, որ հարկադիր կատարողների կողմից ուժ գործադրվել է։

«Գտնվելով այնտեղ, խոչընդոտել են հարկադիր կատարման գործողություններին և այդ պայմաններում նրանք ստիպված են եղել ուժ գործադրելու և էդ մարդկանց հանելու, հակառակ դեպքում վտարման գործընթացը չէր կատարվի։ Ճիշտ է՝ Մարինա Պողոսյանի վնաս պատճառվել է, բայց վնասը էական չէ, օրենքն ասում է, որ էական վնաս պետք է լինի»,- ասաց դատախազը։

Իրավապաշտպանն իր հերթին այս դատաքննությունը զավեշտ է որակում։ Մատնանշում է քննության ընթացքում հարկադիր կատարողների՝ մեծամասամբ նույն տեքստով տրված ցուցմունքները։

«Դուրս է գալիս, որ Դատական ակտերի հարկադիր ծառայության չորս աշխատակիցները բառերով և ստորակետներով տալիս են նույն ցուցմունքը։ Այսինքն՝ copy paste են արել։ Սա նշանակում է, որ քննություն չի իրականացվել»,- ասաց իրավապաշտպանը։

Հարկադիր ծառայության չորս աշխատակիցներն էլ իրենց ցուցմունքներում նշել են, որ դեպքի օրը, երբ տարեց կնոջը հարկադրաբար հանում էին տարածքից, Մարինա Պողոսյանը խանգարում էր իրենց։ «Նա անընդհատ հորդորում էր Զինա տատիկին խանութից դուրս չգալ։ Ես Մարինայից պահանջեցի սպասել կողքի սենյակում և չխոչընդոտել մեր աշխատանքին։ Վերջինս մտավ կողքի սենյակ»,- նշված է ծառայության աշխատակից Հովհաննիսյանի ցուցմունքի մեջ։ Մինչդեռ Մարինա Պողոսյանը պնդում է, որ իրեն ուժով են փակել հարևան սենյակում, իսկ դրանից հետո բռնությամբ հեռացրել տարածքից։

«Վերջում տեսնելով, որ ես նորից եմ ուզում զանգել ոստիկանություն, ինձնից վերցրել են հեռախոսը, շպրտել են, կողպել են ինձ մի դատարկ սենյակում և զրկել են ազատությունից։ Ես սկսեցի բղավել, որ ինձ բաց թողնեն, դուռը բացել են և էնտեղից կիսաքաշելով, կիսաշալակած վիճակում տարել են, գցել բետոնե աստիճանների վրա, ու ես մարմնական վնասվածք եմ ստացել»,- պատմեց Պողոսյանը։

Հարկադիր կատարողները, սակայն, ցուցմունքներում հերքել են բռնության մասին պնդումները։ «Պարզապես կիսագրկած վիճակում դուրս եմ հանել խանութի տարածքից»,- ասված է Հովհաննիսյանի նկարագրության մեջ։ Ցուցմունքը նույնությամբ կրկնել են նաև նրա գործընկերները։

«Ես կին եմ, և ես համարում եմ, որ սա սեռական բնույթի բռնություն է իմ նկատմամբ, որովհետև հարկադիր կատարողը տղամարդ է, և ես նրան չէի լիազորել ինձ ուրիշ տղամարդկանց ներկայությամբ գրկել։ Ես չգիտեմ, երևի գրկելը նոր իրավական կատեգորիա է Հայաստանում։ Եվ իրենք ասում են՝ հա ինչ ա եղել, որ, գրկել դուրս ենք հանել, նուրբ գրկել ենք։ Ու էսօր դատավորը գտավ, որ նորմալ է, որ ինձ նուրբ գրկում, դուրս են շպրտում։ Դուրս է գալիս, որ բռնությունը և մարդուն ազատությունից զրկելը խրախուսվում է մեր երկրում»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Այլոց պաշտպանող Պողոսյանը այժմ ստիպված է պայքարել իր իր իրավունքների համար։ Ասում է՝ պատրաստ է անգամ Եվրոպական դատարան դիմել՝ կանխելու հարկադիր ծառայողների ոտնձգությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG